Նամակ Հայաստանէն

Անգելինա – 12/08/22

Այս շաբթուան նամակը գրած է Անգելինան, որ կը հովանաւորուի Զարմայր Սեդրաքեանի կողմէ։

 

Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,

Ես Անգելինա … մայրիկն եմ, Սվետլանան։ Շատ ու շատ բալիկների նման փոքրիկ Անգելինայի կեանքն էլ է բաժանւում «մինչեւ պատերազմ« եւ «պատերազմից յետոյ» հատուածների։ Անգելինան 3 տարեկան է։ Նա ընդամէնը 1 տարեկան էր, երբ հայրենիքի պաշտպանութեան համար մղուած պայքարում նահատակուեց նրա հերոս հայրիկը։ Անգելինան շատ էր փոքր հօրը յիշելու համար, բայց յուսամ ենթագիտակցութեան մէջ մնացել է, թէ ինչպիսի հրճուանք էր ապրում, երբ ամուսինս վերադառնում էր դիրքերից, ու ինչպէս էր սիրում քնել՝ փոքրիկ թաթիկներով հօր ականջից բռնած։ 

Անգելինան մանկապարտէզ է յաճախում։ Սիրում է երգել, պարել, արտասանել։ Կայտառ ու չարաճճի բալիկ է։

Փորձում ենք ի մի հաւաքել մեր փշրուած կեանքի մասնիկները։ Տա՛ Աստուած, խաղաղութիւն լինի մեր Արցախ աշխարհում եւ բալիկներս ապրեն մեր վերածնուած հայրենիքում։