Նամակ Հայաստանէն

Մարի -04/06/23

Բարեւ ձեզ, յարգելի բարերար,

Ձեզ գրում է Մարի …, 3 տարեկան։ Բայց որ աւելի անկեղծ լինեմ, ես յուշել եմ, մայրիկս գրել է։ Ճիշդ է, ես դեռ գրել չգիտեմ, բայց մի քիչ խօսել եւ անչափ շատ ժպտալ գիտեմ, իսկ ժպիտը ինձ շատ է սազում։ Ինձ որ տեսնէք, կը հասկանաք, որ իմ ժպիտը համ վարակիչ է, համ պարտաւորեցնող, այո՛, պարտաւորեցնում եմ շրջապատին ապրել, ժպտալ, ինձ մեծացնել եւ ամենակարեւորը իմ համար խաղաղ երկինք եւ անհոգ մանկութիւն ապահովել։

Ասեմ նաեւ որ արդէն 6 ամիս է ինչ յաճախում եմ մանկապարտէզ՝ Siri զարգացման կենտրոն։ Մանկապարտէզի դաստիարակչուհին մայրիկիս ասում է որ ես շատ շատ աշխոյժ եւ ժպտուն բալիկ եմ եւ որ միւս բալիկներին շատ եմ հաբուրում եւ շատ եմ կծում, ասում է նաեւ որ շատ լաւ երգում եմ։ Ճիշդ է՝ երգերի բառերը դեռ ամբողջութեամբ չեմ արտասանում, բայց մեղեդին շատ լաւ զգում եւ երգում։ Մանկապարտէզից յետոյ շատ եմ սիրում, որ մայրիկիս հետ քայլելով ենք տուն գնում, ճանապարհին պատահած բոլոր փուչիկները ստիպում եմ որ մայրիկս ինձ համար գնի։ Շատ եմ սիրում փուչիկներով, գնդակով եւ հեծանիւով խաղալ։

Սիրում եմ նաեւ կենդանիներ։ Մեր տան բակում երկու շներ ունենք, որից մէկը մեծ է եւ ես կարողանում եմ նստել մէջքին, որ ինձ բակով մէկ ման տայ։ Մինչեւ մեծանամ խեղճ շնիկս տանջահար կը լինի։ Ասեմ որ մի քանի անգամ քեռուս հետ նաեւ իսկական մեծ ձիերի մէջքին եմ նստել եւ անչափ ուրախացել եմ, շատ ուրախացել եմ նաեւ երբ մայրիկս ինձ Երեւան քաղաքի գազանանոց էր տարել։

Ամանորեան հանդէսին սպիտակ նապաստակի շորեր էի հագել, ձեռքիս մի մեծ գազար կար, բայց դա ինձ չխանգարեց, որ ես շատ լաւ պարեմ եւ երգեմ։ Որ ստացուի ու մենք հանդիպենք, ես իմ հանդէսների նկարները Ձեզ ցոյց կը տամ եւ դուք կը տեսնէք ինչ համով բալիկ եմ ես։

Եւս ի միջի այլոց ասեմ որ մի քիչ բկլիկ բալիկ եմ, շատ եմ սիրում համով ուտելիքներ՝ մրգեր, կոնֆետներ եւ մսվո պատրաստուած ուտեստներ։ Եթէ ինձ տեսնէք թէ ոնց եմ ախորժակով ուտում շատ կը զարմանաք ոնց եմ այսքան նիհարիկ կազմուածքով։ Ասեմ Ձեզ, ես մի րոպէ անգամ չեմ նստում, անվերջ խաղում եմ, անվերջ վազվզում եմ (երբեմն նաեւ բազմոցներին, աթոռներին եւ մահճակալներին վրայ)։

Դեռ այսքանից յետոյ կարծում եմ Ձեզ պատմելու շատ բան կ՚ունենամ, իմ մայրիկը ինձ հայրենասէր, կիրթ ու բարի մարդ է մեծացնելու, չէ որ ես իր կեանքի լոյսն ու իմաստն եմ։

Սիրելի բարերար, մոռացայ ասեմ, ես ապրում եմ Գիւմրի քաղաքում…