Վիկտորիա – 07/06/23
Բարեւ ձեզ, ես … Վիկտորիան եմ։ Արդէն եօթ տարեկան եմ, սովորում եմ Եղվարդ քաղաքի թիւ 3 երկրորդ դասարանում, սովորում եմ գերազանց։ Յաճախում եմ նաեւ շախմատի պարապմունքի եւ պարի դասերի։ Սիրում եմ սովորել, ինձ համար ամէն ինչը շատ հետաքրքիր , ուզում եմ մեծանալ եւ դառնալ ուսուցչուհի, դերասանուհի, պարուհի։ Մայրիկս ինձ ասում է, որ չեմ կարող այդ բոլորը հասցնել, բայց ես այնքան շատ եմ ուզում, որ անպայման բոլորն էլ սովորելու եմ, որպէսզի իմ պապաս երկնքից նայի եւ հպարտանայ ինձանով։ Շատ եմ կարօտել պապայիս եւ ուզում եմ, որ մեր երկրում խաղաղութիւն լինի եւ ոչ մի երեխայ իր պապային չկարօտի։
Շատ սիրում եմ մայրիկիս եւ ապէրիս։ Իմ դասերս պատրաստելուն մայրիկս է ինձ օգնում, իսկ եղբայրս լուռ լսում է մեզ։ Վերջացնելուց յետոյ խաղում եմ եղբօրս հետ, յետոյ շատ եմ սիրում իր համար հեքիաթներ ընթերցել, իսկ նա մեծ հաճոյքով լսում եւ սովորում է։ Քանի որ Սեպտեմբերից դպրոց է գնալու, ես խոստացել եմ օգնել դասերը պատրաստելուն։
Մայրիկս ինձ ասել է, որ կան մարդիկ ովքեր մեզ օգնում են, եւ ես շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ։ Իմ ծնողներիս եւ ձեզ խոստանում եմ լաւ սովորել, արդարացնել բոլորիդ սպասելիքները, որ ինձանով հպարտանաք։