Հետեւեալ նամակը գրած է Խաչիկը, որ կը հովանաւորուի Քարէն Պետրոսեան-Ռիչարտսընի կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Խաչիկ … եմ, 12 տարեկան։ Ծնուել եմ 26 Ապրիլ 2010ին։ Ապրում եմ Արմաւիրի մարզի Սարդարապատ գիւղում։ Սովորում եմ Սարդարապատի միջնակարգ դպրոցի 7րդ դասարանում։
Ունեմ շատ լաւ առաջադիմութիւն։ Յաճախում եմ շախմատի դպրոց։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղուել սպորտով, բայց ամէնից շատ սիրում եմ ժամանակ անցկացնել փոքրիկ եղբօրս հետ, ում սիրում եմ կեանքիցս առաւել։
Հայրս զինուորական էր եւ զոհուել է արցախեան պատերազմում 28 Սեպտեմբեր 2020ին։ Ես շատ եմ սիրում հայրիկիս եւ շատ կարօտում եմ նրան։ Փոքրիկ եղբայրս ծնուել է հայրիկիս զոհուելուց յետոյ, եւ ես ձգում եմ անել ամէն ինչ, որ եղբայրս իրեն միայնակ չզգայ։ Ես ունեմ շատ նպատակներ, որոնց անպայման հասնելու եմ։ Ես դառնալու եմ լաւ մարդ, ունենալու եմ լաւ կրթութիւն եւ օգնելու ու պաշտպանելու եմ մայրիկիս ու եղբօրս։
Հայրս հրաշալի մարդ էր, շատ բարի սիրտ ունէր եւ ես էլ ձգտում եմ նմանուել նրան։ Նրա խրատների շնորհիւ ես հիմա աւելի խելացի ձեւով եմ մտածում։ Ես հայրիկիս խոստացել եմ, որ հասնելու եմ բարձունքների եւ բարձր եմ պահելու իր պատիւը։
Յարգելի հովանաւոր, ես շնորհակալ եմ Ձեզ, որ օգնում էք մայրիկիս առօրեայ հոգսերը թեթեւացնելու համար։ Մայրիկս խնամում է թէ մեզ, թէ տատիկիս ու պապիկիս, ովքեր ունեն առողջական խնդիրներ։
Յարգելի հովանաւոր, շնորհակալ եմ օգնութեան եւ հետագայում էլ մեզ օգնելու համար։
Յարգանքներով՝ Խաչիկ