Add New PostԲարեւ, յարգելի հովանաւոր,
Ես Վահագնն եմ, Տիգրանի եւ Օքսաննայի առաջնեկը։ Տասը տարեկան եմ։ Սովորում եմ Երեւանի Հրանտ Դինքի համար 44 հիմնական դպրոցի հինգերորդ դասարանում։ Չնայած տարիքով այնքան էլ մեծ չեմ, բայց շատ բան եմ տեսել այս անարդար կեանքում։ Ես ու եղբայրս ապրում էինք մի ընտանիքում, որտեղ թագաւորում էին սէրը, յարգանքը եւ փոխօգնութիւնը մէկս միւսի նկատմամբ։ Այսօրուայ պէս յիշում եմ, թէ ինչպէս էի հօրս ձեռքից բռնած ուրախ ու հպարտ մտնում դպրոցի դռներից ներս։ Աւաղ, սկսուեց անիծեալ պատերազմը, հայրս առանց ինձ հրաժեշտ տալու մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու մեր սուրբ հողը…
Այլեւս մեր հայրիկին չտեսայ…
Կորաւ մեր ընտանիքի ուրախութեան բանալին։ Ամէն օր խօսում էի մեր տան պատից կախուած հօրս նկարի հետ, յիշում բոլոր-բոլոր մանրամասները, խորհուրդներ հարցնում։ Փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին հայրս կ՚ուզէր։ Դեռ չէինք հասցրել ուշքի գալ խոր վշտից, երբ երկրորդ հարուածն իջաւ մեր գլխին։ Սեպտեմբերի 19-ից 20-ը, մէկօրեայ պատերազմից յետոյ, մեծերի զրոյցներից լսում էինք, որ մեզ տարհանելու են. մենք էլ թաղի տղաներով. հենց այդ տղաների հետ գիշերները հացի հերթ կանգնած քննարկում էինք, մեծավարի որոշում կայացնում, որ մենք մեր տներից ուրիշ տեղ չենք գնալու։ Որոշեցինք, բայց մեր խօսքի տէրը չեղանք։ Այդ դժոխային օրերի ապրումների մասին չեմ ուզում խօսել (չեմ էլ կարող)։ Եկանք հասանք Երեւան։ Ընդունուեցի 44-րդ դպրոցը։
Այստեղ բոլորը՝ թէ ուսուցիչները, թէ աշակերտները բարեացակամ վերաբերմունք են ցուցաբերում իմ նկատմամբ։ Ունեմ շատ ընկերներ, լաւ եմ սովորում, ուզում եմ հօրս արժանի զաւակ դառնալ։
Այստեղ ամէն ինչ լաւ է, բայց շատ եմ կարօտում մեր տանը, իմ Ստեփանակերտին։ Եթէ հնարաւորութիւն լինի, ես անպայման կը վերադառնամ մեր «ֆիզմաթին թաղը»։