Նամակ Հայաստանէն

Էդգար – 05/02/24

Սոյն նամակը գրած է Էդգարը, որ կը հովանաւորուի Ս. Աստուածածին եկեղեցւոյ (Ուայթընզվիլ, Մէսէչուսէթս) կողմէ։

 

Բարեւ, իմ յարգարժան բարեկամ, 

Սիրով Ձեզ գրում է արցախցի Էդգար …։ Մենք, մինչ Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի հետեւանքով բռնի տեղահանուելը, ապրել ենք քաղաք Ստեփանակերտում։ Հիմա վարձով բնակութիւն ենք հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ես այստեղ յաճախում եմ Խ. Աբովեանի անուան թիւ 1 աւագ դպրոցը, սակայն հոգով ու մտքով իմ Արցախի հետ եմ, քանի որ այնտեղ են անցել իմ կեանքի լաւագոյն օրերը, իմ մանկութիւնը, իմ լաւագոյն յուշերը։  

Ճիշդ է, այստեղ մենք եւս մեր տանն ենք՝ մեր հայրենիքում, քանզի իւրաքանչիւր հայիս համար Հայաստանը մեր սուրբ հայրենիքն է, սակայն երբեք չեմ հաշտուի այն դաժան իրականութեանը, որ թշնամուն յանձնուեց հօրս արեան գնով պաշտպանուած իմ բնօրրան Արցախը, ու որ այնտեղ է մնացել մեզ համար սրբավայր դարձած հօրս գերեզմանը։ Երբեք չեմ ների բոլոր այն մեղաւորներին, որոնց պատճառով այսօր հօրս գերեզմանը մնաց լքուած։ Ես նրանց բոլորին թողնում եմ Աստծոյ վեհ դատաստանին։

Այսօր այստեղ փորձում եմ ձեռք բերել նոր ընկերներ, դասերից յետոյ յաճախում եմ բոքսի՝ շատ եմ սիրում այդ սպորտաձեւը։

Սիրելի՛ բարեկամ, շնորհակալ եմ, որ այս դժուարին պահերին իմ եւ իմ ընտանիքի կողքին էք ու աջակցում էք մեզ։

Թող Աստուած պահապան լինի Ձեզ պէս բարի մարդկանց ու Ձեր գործերին յաջողութիւն տայ։