Վահէ – 05/23/24
Այս նամակը գրած է Վահէն, որ հովանաւորուած է Արթըր Պոյաճեանի կողմէ։
Բարեւ Ձեզ, ես Կարինէն եմ, Վահէի մայրիկը։ Վահէն ծնուել է 2017 թ. Օգոստոսի 9-ին, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գիւղում։ Յաճախում է առաջին դասարան, քանի որ դասերը լրիւ չի անցել, այդ պատճառով իր փոխարէն գրում եմ ես։
Ես այս նամակը գրում եմ մեծ ցաւով, քանի որ ունեցել ենք շատ դժուարին, ծանր ու ցաւալի ճակատագիր։ Ես ծնուել եմ 1991 թ. Ասկերանի շրջանի Սղնախ գիւղում, 10 տարեկան էի երբ ծնողներս մահացան։ Մեծ դժուարութիւններով մեծացել ենք, սովորել, աշխատել, ամուսնացել ու ընտանիք կազմել։
Ամուսինս Ասկերանի շրջանի Ջրաղացներ գիւղից էր, մինչեւ 2020 թ. պատերազմը ապրում էինք գիւղում։ 2020 թ. Սեպտեմբերի 30-ին ստիպուած դուրս եկանք գիւղից ես ու երեխաներս եւ 2 ամիս մնացինք Երեւանում։ Սեպտեմբեր 27-ին ամուսինս կամաւորագրուեց ու գնաց կռուի։ Հոկտեմբերի 23-ին զէնք է տեղափոխել Թաղավարդ գիւղ ու փորձելով փրկել վիրաւոր տղաներին ինքն էլ զոհուեց։ Ամուսնուս յուղարկաւորում եմ Ջրաղացներ գիւղում, կռիւը աւարտուելուց յետոյ մեր գիւղերը մնում են թուրքերին։ Դեկտեմբերի 8-ին տեղափոխուեցինք Ստեփանակերտ, այնտեղ ապրում էինք վարձով Րաֆֆի 23 հասցէում։ 2021 թ. Փետրուարի 12-ին ռուսների ու Կարմիր Խաչի օգնութեամբ արտաշիրիմ են անում ու ամուսնուս դին տեղափոխում եղբայրական գերեզմանատուն։
Վահէն յաճախել է ՀՕՄ-ի Սօսէ մանկապարտէզը։ 2023 թ. ընդունուել է Ստեփանակերտի Սախարովի անուան 8-րդ դպրոցը՛ Ցաւով մի ամիս էլ չտեւեց։ 2023 թ. Սեպտեմբերի 28-ին նորից ստիպուած ամէն ինչ թողեցինք ու դուրս եկանք մեր Արցախից՝ նոյնիսկ կարօտ մնացինք գերեզմանաքարերին։
Այժմ վարձով ապրում ենք Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում։
Վահէն սովորում է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի Մեծն Մուրադի անուան թիւ 4 հիմնական դպրոցի առաջին դասարանում։ Յաճախում է նաեւ «Աւետիսեան» պարային ստուդիա։
Խորին շնորհակալ եմ հովանաւորին այս դժուար ժամանակկներին մեզ օգնելու համար։