Նամակ Հայաստանէն

Նարէ – 06/06/24

Այս նամակը գրած է Նարէն, որու հովանաւորն են Արժպ. Տ. Վահան Քհն. Գույումճեան եւ երէցկին Մակի Գույումճեան։

Բարեւ իմ հովանաւորին,

Ես Նարէն եմ, ապրում ու սովորում եմ Երեւանում։ 7-րդ դասարանում եմ, սովորում եմ գերազանց, մի քիչ դժուարանում եմ մաթեմատիկայից ու ռուսերէնից։ Սիրում եմ նկարել, արդէն 4 տարի է, գնում եմ նկարչութեան խմբակ, մասնակցել եմ մի շարք մրցոյթների։ Յաճախում եմ նաեւ քանոնի, արդէն 3 տարի է։ Հիմա նուագում եմ ուսումնական քանոնով, որը մայրիկիս ընկերուհին է նուիրել։ Քանոնս 20 տարուայ է, բացի այդ հնչեողութիւնը ցածր է։

Ձեր ուղարկած գումարով արդէն պատուիրել ենք նոր քանոն, որը գրեթէ պրոֆեսիոնալ է։ Պարզապէս միւս տարի նոր պատրաստ կը լինի։ Սիրում եմ նուագել, յատկապէս Արամ Խաչատրեան եւ Կոմիտաս։

Ուզում եմ դառնալ նկարչուհի, լուսանկարչուհի, քանի որ հայրիկս պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եղել։

Ես շատ եմ սիրում իմ երկիրը, յաճախ ենք էքսկուրսիաներ գնում։ Ունենք այգի, ամրանը յաճախ այնտեղ լաւ ժամանակ ենք անցկացնում հարազատների հետ։ Այդ ժամանակ ամենից ուրախը լինում է մեր շունը՝ Բաֆին, ով արդէն 3 տարի է, որ մեր տան անդամն է։

Ուզում եմ, որ խաղաղութիւն լինի իմ երկրում, որ ես ազատ շրջեմ ու ստեղծագործեմ։

Նարէ