Նամակ Հայաստանէն

Էդուարդ – 08/22/24

Նամակը գրած է Էդուարդի անունով, որ կը հովանաւորուի Պիանա Ստեփանեանի կողմէ։

 

Բարեւ, յարգելի հովանաւոր,

Ձեզ գրում է Էդուարդ … մայրը՝ Արմինէն։ Շուտով կը լրանայ մէկ ամիսն, ինչ Եդուարդը զօրակոչուել է հայկական բանակ՝ կատարելու իր զինուորական պարտքը հայրենիքի հանդէպ։

Համաձայն կարգի, նա արդէն մասնակցել է երդման արարողութեանը՝ անձնուիրաբար ծառայելու Հայաստանի Հանրապետութեանը. Լուսանկարը, որ Ձեզ ուղարկում եմ, հենց այդ դրուագից է։ Նա իր ծառայութիւնն անց է կացնելու իմ աւագ որդու, իր եղբօր՝ Գագիկի հետ, որ թէեւ մեծ է երկու տարով, սակայն ուսման հետ կապուած ստացել էր երկու տարով ծառայութիւնը տարկէտելու (յետաձգելու) իրաւունք։ Ինչ խօսք, իբրեւ մայր, սիրտս անասելի ճմլւում է, որ երկու զաւակներս երկու երկար ու ձիգ տարի իմ կողքին չեն լինելու, սակայն հպարտութիւն մի զգացում ինձ թոյլ չի տալիս յանձնուել տխրութեանը՝ դա այն է, որ այս երկար տարիները (16 տարի) իրենց հայրիկի զոհուելուց յետոյ, ես ապարդիւն չեմ անցկացրել, որ մեծացրել եմ իմ տղաներին, որպէս իրենց հօրն արժանի, ազնիւ երիտասարդներ, ովքեր թող Աստծոյ կամօք ծառայեն բարով ու վերադառնան խաղաղութեամբ… 

Ուզում եմ նաեւ յատուկ խաղաղութիւն յայտնել Ձեզ, յարգելի հովանաւոր, որ այս երկար ու ձիգ տարիներին մեր կողքին էք եղել՝ Ձեր մշտական աջակցութեամբ։ Շնորհակալ եմ նաեւ այս անակնկալ նուէրի համար՝ 125 տոլարի չափով, որը ես ստացել եմ, եւ պահել Էդուարդի համար նախատեսուած իմ փոքրիկ խնայողութիւնների ծրարում։

Յարգանքով եւ ամենաջերմ մաղթանքներով՝

Արմինէ