Նամակ Հայաստանէն

Նարեկ – 09/12/2024

Նամակը գրած է Նարեկի (հովանաւոր՝ Մարօ Սարգիսեան) մայրը։

 

Յարգելի բարերար,

Ես Նարեկն եմ, շուտով կը լինեմ 6 տարեկան։ Ապրում եմ Սիսիանում, յաճախում եմ մանկապարտէզ։ Սիրում եմ լեգոներ, կոնստրուկտորներ եւ փազլներ։ Մայրիկս վերջերս շախմատ է նուիրել. յետոյ արդէն ես ու քոյրս հասկացանք, թէ ինչու է հենց այդ տիպի տուփով գնել։ Դրանով նաեւ նարդի խաղալ է լինում։ Հիմա նա ինձ նարդի խաղալ է սովորեցնում, որովհետեւ միշտ ուզել է տանը խաղընկեր ունենալ, բայց ո՛չ հայրս, ո՛չ էլ քոյրերս չեն խաղացել։ Փաստօրէն ամբողջ յոյսը ես եմ։

Հիմա ցուրտ է, յաճախ չեմ իջնում բակ, բայց շատ եմ սիրում հողերի ու աւազների հետ խաղալ։ Ինձ համար տանն էլ է հետաքրքիր, ինչպէս քոյրս է ասում հեռուստացոյցն ու բազմոցը սեփականաշնորհել եմ ու մուլտեր եմ նայում։ Մայրս էլ բողոքում է, որ ուզում հեռուստացոյցով մէկ-մէկ էլ մարդ տեսնի, մի հաղորդում նայի, բայց դէ, ոնց կռահեցիք՝ չի ստացւում։

Սեպտեմբերին պատրաստւում են դպրոց գնալ։ Պատկերացում չունեմ ինչպէս է լինելու, բայց ինձ թւում է կը սիրեմ սովորելն ու յաջորդ անգամ ինքս իմ ձեռքով նամակ կը գրեմ։ 

Սիրելի բարեկամ, շատ շնորհակալ ենք մեր ընտանիքի կողքին լինելու համար։

Գրեց մայրիկը։