ԿՈՍՏԱՆԴԻՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (մահ՝ 6 Յունիս, 1984)
Կոստանդին Յովհաննիսեան յայտնի է իբրեւ այսօրուան Երեւանի կորիզի՝ աւելի քան 2800-ամեայ Էրեբունիի բերդի պեղումներու երկարամեայ վարիչը։
Կ. Յովհաննիսեան ծնած է Թիֆլիս, 19 Դեկտեմբեր, 1911-ին։ Որդին էր յայտնի սրտաբան Լեւոն Յովհաննիսեանի։ 1932 թուականին աւարտած է Երեւանի բազմարուեստից հիմնարկը (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան)։ Աշխատած է Ալեքսանդր Թամանեանի (1933-1934) եւ Նիկողայոս Բունիաթեանի (1934-1941) ճարտարապետական արուեստանոցներուն մէջ։ 1932-1937 թուականներուն Հայատանի Ճարտարապետներու Միութեան կազմակերպչական կոմիտէի պատասխանատու քարտուղար եղած է։
Հեղինակած է բնակելի եւ հասարակական շէնքերու նախագիծեր, որոնցմէ մէկ քանին իր կնոջ՝ Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տէր Աւետիքեանի հետ։ Որպէս Արին-բերդի հնագիտական արշաւախումբի ղեկավար (1950-1972) պեղած եւ հետազօտած է Էրեբունի քաղաքի մնացորդները եւ անոր հիմնադրութեան արձանագրութիւնները։ 1961-ին ստացած է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչի, իսկ 1968-ին՝ վաստակաւոր ճարտարապետի տիտղոսները։
1952-1979-ին ճարտարապետական յուշարձաններու պահպանութեան վարչութեան ղետ եղած է, իսկ 1955-1971-ին դասաւանդած է Երեւանի բազմարուեստից վարժարանին մէջ։ Հեղինակած է «Էրեբունի» (1968), «Էրեբունիի որմնանկարները» (1973), «Ճարտարապետական յուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում» (1978) հատորները, ինչպէս եւ շարք մը ռուսերէն աշխատութիւններ։
Մահացած է 6 Յունիս, 1984-ին, Երեւանի մէջ։