Նամակ Հայաստանէն

Արինէ – 2/9/23

Այս նամակը գրած է Արինէն, որ կը հովանաւորուի տիկ. Վալանթին Գազանճեանի կողմէ։

 

Բարեւ Ձեզ,

Ես Արինէ … եմ։ Ծնուել եմ 2005 թ. Նոյեմբերին 9ին Ռուսաստանի Դաշնութիւնում, բայց 3 տարի այնտեղ ապրելուց յետոյ տեղափոխուել եմ Կապան։ Մանկութիւնս անց եմ կացրել Կապանում, որովհետեւ արմատներով Կապանից եմ։ 

Սովորել եմ Կապանի թիւ 6 հիմնական դպրոցում եւ 9րդ դասարանս աւարտելուց յետոյ տեղափոխուել եմ Օխտարի միջնակարգ դպրոց։ Այժմ 12րդ դասարան եմ։ Ապագայ հոգեբան եմ։ Առարկաներից սիրում եմ հայոց լեզուն, գրականութիւնը եւ անգլերէնը։ Ապրում եմ տատիկիս եւ քրոջս հետ։ Տատիկս ունի առողջական խնդիրներ։ Քոյրս ինձնից մեծ է 3 տարով։

Եօթ տարի պարի յաճախելուց յետոյ թողել եմ պարը 2020 թուականին ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Յաճախել եմ նաեւ անգլերէնի պարապմունքի, 1.5 տարի զբաղուել եմ թեթեւ ատլետիկայով, եւ դասերս չհասցնելու պատճառով թողել եմ սպորտը։

2020 թուականից ապրում ենք պատերազմական երկրում։ Ապրում ենք վախի ու տագնապի մէջ, որովհետեւ մաս-մաս հայրենիք ենք յանձնում։ Վախենում ենք հանգիստ քնել, որովհետեւ ամէն պահի թշնամին կարող է յարձակման դիմի։ Կապանը դարձել է սահմանամերձ։ Ամէն անգամ դպրոց գնալուց տեսնում ենք օդանաւակայանի կողք գտնուող թշնամուն։ Շաբաթներ առաջ ինձ թւում էր թէ գնահատում եմ կեանքը, հարազատներիս, ինձ շրջապատող մարդկանց, բայց դա գնահատել չէր։ Հիմա եմ գնահատում երբ ներսումս անընդհատ ոտքի է կանգնում կորցնելու վախը։ Պատերազմը մեր երկրում չի աւարտուել, անգամ՝ մե՛ր մէջ չի աւարտուել։ Պատերազմը բոլորիս կեանքը փոխեց ու բոլորիս սրտերում մի մեծ դատարկութիւն թողեց։ Դժուար է երբ տեսնում ես, որ քաղաքը դատարկ է 18-20 տարեկան տղաներով, դժուար է…

Ախր ինչո՞ւ, ուրիշ երկրներում երեխաները միայն խաղի մասին են մտածում, իսկ այստեղ երեխաները ընկալելու տարիքից մտածում են հայրենիք չկորցնելու, հայրենիքի պաշտպաններին օգնելու, հայրենիքը պաշտպանելու կամ հայրենիքից հարկադրաբար հեռանալու մասին։ 

Ու ճիշդ են ասում, որ պատմութիւնը կրկնուելու յատկութիւնը ունի։ 

Սիրով՝
Արինէ