Նամակ Հայաստանէն

Անդրէյ – 05/04/23

Այս շաբթուան նամակը գրած է Անտրէյի մայրը։ Հովանաւորը տէր եւ տիկ. Յակոբ եւ Անահիտ Խաչատուրեաններն են։

 

Անդրէյ ծնուել է 2021 թ. Յունիսի 8, փոքրիկ, ով իր ծնունդով արդարացրեց իմ գոյութիւնը եւ արժեւորեց կեանքս… իմ ամենամեծ եւ ամուր յենարան։ 

2020 թ. սեպտեմբերի 27. սկսուեց մեր կեանքի արհաւիրքը։ Հոկտեմբերի 7ին ես իմացայ, որ մենք սպասում ենք մեր 2րդ բալիկին։ Յիշում եմ, թէ ինչքան անհամբեր էի, ուզում էի ժամ առաջ յայտնել այդ աւետիսը Անդրէյին։ Բայց Անդրէյը այնքան խիստ, նուիրուած զինծառայող՝ հետախոյզ էր, որ շատ ուշ-ուշ էր զանգում։ Երեկոյեան զանգեց, յայտնեցի այդ լուրը, մի պահ լռեց, կարծես չէր հաւատում. յետոյ, ուժեղ բղաւեց, այնքան երջանիկ էր, բայց մի պահ նորից լռեց… պատերազմ է…

2020 թ. նոյեմբերի 7ին, երեկոյեան մեզ հասաւ գոյժը։ Փոքրիկ Անդրէյը ծնուեց չտեսնելով իր հայրիկին, չզգալով նրա հոգատարութիւնը, ջերմութիւնը…

Մենք ապրում ենք քաղաք Ստեփանակերտում, պատերազմից յետոյ որոշեցինք վերադառնալ մեր հայրենիք, այն հայրենիքը յանուն որի Անդրէյը զոհաբերեց իր կեանքը, այն հայրենիքը յանուն որի մեր ընտանիքը զոհաբերեց ամենաթանկը…

[Ատրպէյճանի շրջափակումը սկսած է 12 Դեկտեմբեր, 2022ին, ուրեմն արդէն գրեթէ 150 օր անցած է. Խմբ.]։ 2023 թ., Արցախը արդէն 80 օր է շրջափակման մէջ է, 80 օր է մենք զրկուած ենք ամէն ինչից, 80 օր է չենք կարողանում մեկնել մայր Հայաստան, չենք կարողանում այցելել Եռաբլուր, չեմ խօսում, որ երեխաները զրկուած են նորմալ սննդից։ Բայց մենք այստեղ ենք, յանուն մեր հերոսների։

Փոքրիկ Անդրէյը եւ Գաբրիէլան ապրում են իրենց աշխարհում, ես՝ նրանց մայրիկը, փորձում եմ ամէն ինչ անել, որ նրանք մեծանան լիարժէք ընտանիքում։ Անդրէյը արդէն «հայրիկ» է ասում, քոյրիկն է սովորացրել։ Կը գայ ժամանակը, նրանք կ՚իմանան իրենց հայրիկի սխրագործութիւնների մասին։

Վերջում, ուզում եմ խորին շնորհակալութիւն յայտնել Ձեզ, մեր կողքին լինելու համար։