Հետեւեալ նամակը գրած է Էմիլիան, որ կը հովանաւորուի Հենրի Տէյվիսընի կողմէ։ Ան գրած է. «Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ սատար էք կանգնում եւ օգնում էք, որ մեր երազանքների ճանապարհը կիսատ չմնայ»։
«Բարեւ իմ հարազատ, իմ նոր բարեկամ։
Դուք իմ անծանօթ բարեկամն էք, այո՛, բարեկամը՝ ինձ բարին կամեցողը։
Յարգելի բարերար, ես անչափ շնորհակալ եմ Ձեզ, Ձեր բարի գործի համար։
Հիմա ուզում եմ պատմել իմ կատարուած երազանքի մասին։ Ես երազում եմ դառնալ իրաւաբան՝ միջազգային ատեաններում, որ օգնեմ իմ երկրին, եւ իմ հայ ժողովրդի հիմնախնդիրները կը փորձեմ լուծել։
Ես այս տարի ընդունուել եմ Ֆրանսիական համալսարանի իրաւաբանական առկայ ուսուցման վճարովի առաջին կուրս։ Հիմա ես իմ երազանքի ճանապարհին եմ՝ իրականացրեցի իմ եւ իմ հերոս հայրիկի նպատակը։ Ես պարտաւորուած եմ նոյն եռանդով շարունակել, որպէսզի փայլուն արդիւնքով աւարտեմ համալսարանը եւ պիտանի մարդ դառնամ։ Շարունակեմ հօրս կիսատ գործը՝ ապրել ու արարել յանուն մեր երկրի։
Յարգարժան բարերար, ես փորձեցի հակիրճ պատմել իմ մասին։
Ես անվերջ ուզում եմ Ձեզ ասել աշխարհի ամենագեղեցիկ բառերից մէկը՝ «շնոր-հա-կա-լու-թիւն»։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ սատար էք կանգնում եւ օգնում էք, որ մեր երազանքների ճանապարհը կիսատ չմնայ։
Եղէք առողջ եւ թող Աստուած լինի պահապան։
Յարգանքներով եւ մեծ սիրով՝
Էմիլիա