Նամակ Հայաստանէն

Տիգրան – 10/26/23

Այս շաբթուան նամակը գրած է Տիգրանը, որ կը հովանաւորուի Ռաֆֆի Օվեանի կողմէ։

Յարգելի՛ հովանաւոր,

Ես Տիգրան … եմ, սովորում եմ Սմբատ Շահազիզի անուան թիւ 2 հիմնական դպրոցի 8րդ դասարանում։ Իմ սիրելի առարկաներն են՝ կենսաբանութիւնը, քիմիան, ֆիզիկան, անգլերէնը եւ հայոց լեզուն։ Ծնուել եմ 2008 թ.ի Սեպտեմբերի 2ին Ռուսաստանի Եարոսլաւլ քաղաքում, որտեղ ծնողներիս մահուան պատճառով ես իմ փոքր եղբօր՝ Մարատ …ի  հետ տեղափոխուեցի մանկատուն։ Հօրաքոյրս՝ Գենիա …, իմանալով դրա մասին շտապ մեկնեց Ռուսաստան եւ գտաւ մեզ։ Որոշ ժամանակ անց նրան ճանաչեցին ինչպէս մեր խնամակալ եւ մենք եկանք Հայաստան։ Առաջին ժամանակ մեզ համար շատ դժուար էր, բայց հօրաքրոյրս իրեն չխնայելով օգնում էր մեզ եւ մենք կամաց-կամաց սովորեցինք հայերէնը եւ յարմարուեցինք Հայաստանում ապրելուն։ Հետագայում մենք ծանօթանում էինք Հայաստանի մշակոյթի եւ պատմութեան հետ, յաճախում էինք տարբեր տեսարժան վայրեր եւ ծանօթանում մեր բարեկամների հետ։ Ես սիրում եմ զբաղուել պիրոգրաֆիայով եւ ուզում եմ դառնալ բժիշկ եւ ռեստորանների ցանցի ղեկավար։