Gandzak Q&A
What ties does Gandzak have with Armenia and the Armenians?
What was Armenian life in Ganzdak like in ancient times?
What was the relationship between the Armenians and the Caucasian Albanians?
What was Gandzak’s administrative structure in the modern era?
What was Gandzak’s pre-Christian connection to the Armenians?
|
Գանձակ
ՏԵՂԵԿԱԳԻՐ
պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգի Շակաշեն (Սակաշեն) գավառի տարածքում ներկայումս գտնվող Գանձակի (Գյանջայի) երկրամասի ունեցած քաղաքական և վարչա-տարածքային կարգավիճակների մասին ի սկզբանե ցայսօր
Սույն «Տեղեկագրում» հարց ու պատասխանների միջոցով հակիրճ ներկայացվում է պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգի Շակաշեն (Սակաշեն) գավառի տարածքում ներկայումս գտնվող Գանձակի (Գյանջայի) երկրամասի ունեցած քաղաքական և վարչա-տարածքային կարգավիճակների ընդհանուր պատկերը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
ՀԱՐՑ-1․ Ինչպիսի՞ աղերսներ ունի Գանձակի (Գյանջայի) երկրամասը պատմական Հայաստանի հետ։
ՊԱՏԱՍԽԱՆ-1․ Գանձակի երկրամասը վաղնջական ժամանակներից ի վեր գտնվել է հայ պետականության կազմում, որի մասին վկայում են անտիկ և հետագա պատմագիրներն ու աշխարհագիրները։ Այսպես․ համաձայն Ստրաբոնի (մ․թ․ա 63-մոտ մ․թ․ 20) «Աշխարհագրության», «Հայաստանի նահանգներն են` Ուտիքը (Օթենա), Կամբեճանը (Կոմբիսենա) և Արցախը (Օրխիստենա)»։[1] Նա, խոսելով խաղողի, գինու, հացի, մեղրի մասին, ավելացնում է․ «․․․ դրանք կան նաև Մարաստանի Մատիանե և Հայաստանի Սակասենե (Շակաշեն-Սակաշեն-Տ․Ս․) և Արաքսենե (Արաքսի հովիտ-Տ․Ս․) երկրամասերում»։[2] Ստրաբոնը տալիս է նաև Սակաշեն (Շակաշեն) գավառի անվան ծագումնաբանությունը․ «Սակերը (հյուսիսկովկասյան ցեղեր – Տ․Ս․)․․․նվաճեցին Հայաստանի լավագույն հողը, նրան թողնելով իրենց անունը ՝ Սակասենա (Սակաշեն – Տ․Ս․)»[3],- գրում է նա։ Ստրաբոնը նույնիսկ մատնանշում է Աղվանքի հետ Մեծ Հայքի ունեցած պետա-քաղաքական սահմանները, նշելով․ «․․․ Հայաստանում․․․օրինակ Արաքսի հովիտը․․․որով Արաքս գետը հոսում է մինչև Աղվանքի սահմանը՝ թափվելով Կասպից ծով։ Այնուհետև գալիս է Աղվանքի և Կուր գետի հետ սահմանակցող Սակասենան (Սակաշենը)․․․Հայաստանի երկրամասեր են Ուտիքը (Օթենա), Կամբեճանը (Կոմբիսենա) և Արցախը (Օրխիստենա)»։ [4]
Համաձայն Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցի»-ի (VII դար), Ուտիքի նահանգը եղել է մ․թ․ա․ 189-մ․թ 387թթ․ գոյություն ունեցած Մեծ Հայք պետության կազմում[5], իսկ վերոհիշյալ Սակասենե-Սակասենա (Շակաշեն-Սակաշեն) երկրամասը Ուտիքի նահանգի 7-րդ գավառն է,[6] որի պատմական տարածքներում էլ տեղադրվում է արդի Գանձակն իր շրջական հողերով։ [7]
«Մ․թ․ա․ VIII դարի վերջին և VII դարի սկզբին արդի Ռուսաստանի հարավային տափաստաններից սկյութները (սակերը) Կասպից ծովի արևմտյան ափերով արշավեցին դեպի Մերձավոր Արևելք ու Անդրկովկաս։ Սակերն Անդրկովկասում տարածվեցին մինչև Սև ծով։ Նրանց մի մասը հաստատվեց Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ում նկարագրված Ուտիք աշխարհի Շակաշեն գավառի արգավանդ հողերում (այժմյան Կիրավաբադի շրջան), որը համապատասխանում է հունա-հռոմեական հեղինակների Սակասենեին ․․․»,[8]– գրում է պամաբան Թ․Խ․ Հակոբյանը։ Իսկ պատմաբան Լեոն էլ նշում է․ «․․․ սա Սակ կամ Շակ ցեղն է, որ մեր թվարկությունից մոտ 7 դար առաջ արշավանքներ տարածեց Անդրկովկասում կիմմերացիների հետ և հաստատվեցին Կուրի հովտում, այն բարեբեր և արգավանդ հողի վրա, որ նրա անունով կոչվեց Շակաշեն (այժմ՝ Գանձակ) ․․․»։[9] Պատմաբան Թ․ Խ․ Հակոբյանի համաձայն․ «․․․ Շակաշեն անունը ծագել է սակերի (սկյութացիների) անունից։ Տարածքով գրեթե համընկնում է այժմյան Ադրբեջանական ՍՍՌ-ի Կիրովաբադի շրջանին։ Գավառիս պատմաաշխարհագրական նշանավոր վայրը Գանձակ քաղաքն է (այժմ՝ Կիրովաբադ)»։[10] Ավելացնենք նաև, որ Գանձակ քաղաքը պատմության մեջ կրել է հետևյալ տարբեր անունները՝ Աբբասապատ, Գազնակ, Գանզակ, Գանձակ Առանի, Գանձակ Հայոց, Գանձակ Նոր, Գանջա, Գանջայ, Գեկչե, Գենճե, Գենջե, Գյանջա, Ալիզավետպոլ, Ելիզավետապոլ, Ելիզավետուպոլ, Եղիսավետուպոլիս, Կեկճե, Կենճա, Կենճե, Կեչառի, Կինճե, Ջանզան, Քանջա։ 1935թ․ Գանձակը (Գյանջան) բոլշևիկյան գործիչ Ս․Մ Կիրովի անունով կոչվել է Կիրովաբադ[11], իսկ 1989թ․ վերանվանվել է Գյանջա։
ՀԱՐՑ-2․ Մեծ Հայքի Ուտիքի նահանգը, բացի Շակաշեն (Սակաշեն) գավառից, այլ քանի՞ գավառներ է ունեցել, և ինչպիսի՞ պատմական առնչություններ են ունեցել դրանք հայ իրականության հետ։
ՊԱՏԱՍԽԱՆ-2․ Պատմական Մեծ Հայք պետության 12-րդ նահանգ Ուտիքը, բացի Շակաշենից (Սակաշեն), ունեցել է նաև այլ 7 գավառներ՝ Առան-ռոտ, Տրի, Ռոտ-Պարսեան, Աղվե, Տուս – Քուստակ, Գարդման և Ուտի Առանձնակ (Ուտ-Ռոստակ)։[12]
Առան-ռոտ գավառը գտնվել է «մինչև Երասխի խառնվելը Կուր գետում»[13] (ներկայիս Գերանչայ գետի հովտում), ունեցել է 2225կմ2 տարածք։[14]
Տռի (Տրի) գավառը գտնվել է Թարթառ (Տրտու) գետի միջին հոսանքում, հետագա Ջրաբերդ գավառի տեղում։ Միջին դարերում այստեղ հայտնի էին Հաթերք, Չարաբերդ կամ Ջրաբերդ հայկական ամրոցները։ Այս գավառն ուներ 530 կմ2 տարածք։[15]
Ռոտ-Պարսեան գավառը գտնվել է Խաչեն և Թարթառ (Տրտու) գետերի միջև և ունեցել է 770կմ2 տարածք։[16]
Աղվե գավառը տեղադրվում է ներկայիս Գյուլիստանի (նախկին Շահումյանի շրջանի) տեղում։ Ուներ 590կմ2 տարածք։[17]
Տուս-Քուստակ գավառը մեզ է հասել «Տուչքատակ» աղճատված ընթերցանությամբ։ Տեղադրվում է Տավուշ կամ Տուս (Թովուզ) գետի ստորին հոսանքում։ Ուներ 700կմ2 տարածք։[18]
Գարդմանի գավառը համապատասխանում է այժմյան Ղազախի շրջանի հետ։ Այն Գարդմանացվոց հայկական իշխանության կենտրոնական գավառն էր՝ լինելով նաև Գարդմանի հայկական նախարարական տոհմի ժառանգական սեփականությունը։ Դեբեդ գետի ներքին հոսանքի աջ կողմում եղել է հայկական հայտնի Գարդման ամրոցը, որը վրացիներն անվանում էին Գարդաբանի, իսկ մահմեդական տարրերը՝ Աղջա-Ղալա։Գավառն ուներ 800կմ2 տարածք։[19]
Ինչպես նշել ենք քիչ վերևներում, Ուտիքի նահանգի 7-րդ գավառը Շակաշենն էր իր ունեցած 2900կմ2 տարածքով, որտեղ էլ ներկայումս գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով։
Ուտիքի Ուտի-Առանձնակ (Ուտ Ռոստակ) գավառն իր 2800կմ2 տարածքով տեղադրվում է Թարթառ (Տրտու) գետի հովտում, նրա միջին և ստորին հոսանքների շրջանում, ունի հարթավայրային ռելիեֆ և արգավանդ հողեր։ Այն Ուտիքի նահանգի ամենանշանավոր գավառն էր, որի պատճառով էլ նրա անունը՝ Ուտիք, գործածական դարձավ ամբողջ նահանգի համար։ Այստեղ էր գտնվում Պարտավ (Բերդա) քաղաքը, որին XII դարում, որպես տարածաշրջանային կենտրոն, փոխարինեց Գանձակը (Գյանջան)։ Պարտավի ավերակները գտնվում են Թարթառ գետի ստորին հոսանքի շրջանում՝ նրա ափին գտնվող Բարդա քաղաքի մոտ։ Այս նույն գավառում, Թարթառ գետի ափին՝ նրա միջին հոսանքի շրջանում էր գտնվում Կաղանկատու ավանը, որը հանդիսանում էր Պարտավը Հայաստանի մայրաքաղաք Դվինի հետ կապող ճանապարհի կայաններից մեկը։ Կաղանկատու ավանում է ծնվել «Աղվանից աշխարհի պատմության» հեղինակ, X դարի հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին[20]։ Հայտնի է, որ Աղվանից Եկեղեցին միշտ (IV-XIX դդ․) եղել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կազմում որպես նրա կազմակերպական – կառուցվածքային օղակներից մեկը և նրանից է ստացել իր գործունեության հիմնական կանոնները։ Անգամ Հայոց կաթողիկոսներն են Դվինից կամ Վաղարշապատից եկել Պարտավ հայ-աղվանական ժողովներ գումարելու և դավանաբանական – ծիսական կանոններ ընդունելու համար։ Այսպես․ 480թ․ Պարտավի դիմաց՝ Մռավ լեռան վրա գտնվող Աղվենի ամառանոցում, Վաչագան III բարեպաշտ թագավորի նախաձեռնությամբ այդ ժամանակվա հայ առաջավոր մտածողներ Մատթեի, Աբրահամ Մամիկանյանի, Պետրոս Սյունեցու աջակցությամբ և Աշտիշատի ժողովի 356թ․ կանոնդիր ժողովի կանոնների հիման վրա «Կանոնական Սահմանադրություն» ընդունելու նպատակով հրավիրվեց ժողով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն ենթակա Աղվանից Եկեղեցու Պարտավի, Կապաղակի, Հաշուի, Ուտիի, Կաղանկատուքի, Ցրիի, Դարահողի, Բեթի, Մանուչեի, Գայեգուճի թեմակալ առաջնորդ հոգևորականների մասնակցությամբ։ [21]
Հայոց կաթողիկոս Եղիա I Արճիշեցու (703-775թթ․) գլխավորությամբ 704թ․ և Հայոց կաթողիկոս Սիոն I Բավոնեցու (767-775թթ․) առաջնորդությամբ 768թ․ Պարտավ քաղաքում գումարվել են հայ-աղվանական ազգային-եկեղեցական միասնական ժողովներ, որոնցում ընդունված որոշումներում ամրագրվել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ղեկավարությամբ հայ-աղվանական եկեղեցական կանոններ։ [22]
ՀԱՐՑ-3․ Մ․թ․ա․ 66թ․ Արտաշատում կնքված հայ-հռոմեական հաշտության պայմանագրի համաձայն, ինչպիսի՞քաղաքական ճակատագիր բաժին ընկավ պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգին իր Շակաշեն (Սակաշեն) գավառով հանդերձ, որի տարածքում էլ ներկայումս գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով։
ՊԱՏԱՍԽԱՆ-3․ Մ․թ․ա․ 66թ․ Մեծ Հայքի կայսր Տիգրան II Մեծի և հռոմեական կայսրության զորապետ Գնեյոս Պոմպեոս Մեծի միջև Արտաշատում կնքված հաշտության պայմանգրի համաձայն, Հռոմը և այն ժամանակվա միջազգային հանրությունը ճանաչեցին Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը նրա 15 նահանգների ՝ Բարձր Հայքի, Ծոփքի, Աղձնիքի, Տուրուբերանի, Մոկքի, Կորճայքի, Պարսկահայքի, Վասպուրականի, Ուտիքի, Գուգարքի, Տայքի և Այրարատի սահմաններում։ Մեծ Հայքը կամ նրա հիշյալ 15 նահանգները ունեին ընդհանուր 312․795կմ2 տարածք։
Մեծ Հայք պետության 12-րդ նահանգ Ուտիքը (11315կմ2), այդ թվում նրա 7-րդ գավառ Շակաշենը (Սակաշենը, 2900կմ2) մ․թ․ա․ 66թ․ կնքված հայ-հռոմեական հիշյալ պայմանագրով ճանաչվել են Մեծ Հայք պետության կազմամասեր։ [23]
ՀԱՐՑ-4․ Համաձայն 63թ․ Հռանդեայում կնքված հռոմեա-պարթևական պայմանագրի, ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր բաժին ընկավ պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգին իր Շակաշեն (Սակաշեն) գավառով հանդերձ․ չէ՞ որ վերջինիս տարածքում է տեղադրվում Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով։
ՊԱՏԱՍԽԱՆ-4․ 63թ․ Հռանդեայում կնքված հռոմեա-պարթևական պայմանագրով ճանաչվեց Մեծ Հայք պետության տարածքային ամբողջականությունը մ․թ․ա 66թ․ Արտաշատում կնքված հայ-հռոմեական պայմանագրի շրջանակներում, բացառությամբ 37թ․ հռոմեա-պարթևական մեկ այլ պայմանագրով Մեծ Հայքից անջատված Հայկական Միջագետքի (18000կմ2) և Գոդերձականի (Աճարայի և Սամցխեի, 4100կմ2) տարածքների։ Այսպիսով՝ 63թ․ Հռանդեայի պայմանագրով Հռոմը, Պարթևաստանը և միջագային հանրությունը ճանաչեցին Մեծ Հայքի ամբողջականությունը 285․195 կմ2 տարածքում, որով Ուտիքի նահանգն ամբողջությամբ (այդ թվում իր 7-րդ գավառ Շակաշենի (Սակաշեն) հետ միասին) ճանաչվեց Մեծ Հայք պետության անբաժանելի մաս։ Կրկնենք, որ Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով հանդերձ տեղակայվում է Ուտիքի նահանգի Շակաշեն (Սակաշեն) գավառի պատմական տարածքում։ [24]
ՀԱՐՑ-5․ 298թ․ Մծբինում կնքված հռոմեա-պարսկական պայմանագրով ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր ունեցավ մեզ հետաքրքրող պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգն իր Շակաշեն (Սակաշեն) գավառով, որի տարածքում ներկայումս գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով։
ՊԱՏԱՍԽԱՆ-5․ 298թ․ Մծբինում կնքված պարսկա – հռոմեական պայմանագրով ևս Ուտիքի նահանգն իր Շակաշեն (Սակաշեն) գավառով հանդերձ մնաց Մեծ Հայք պետության տարածքային ամբողջականության ոլորտում։ [25]
ՀԱՐՑ-6․ Տակավին 301թ․ Մեծ Հայքը քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունեց որպես պետական կրոն։ Ուտիքի նահանգն արդյո՞ք ընդգրկված էր այդ ոչ միայն համահայկական ու համաանդրկովկասյան, այլև համաշխարհային իրադարձության մեջ։
ՊԱՏԱՍԽԱՆ-6․ 301թ․ Մեծ Հայքն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 301թ․ դրությամբ Ուտիքի նահանգն իր բոլոր գավառներով (ներառյալ Շակաշեն գավառը) համարվում էր Մեծ Հայք պետության կազմամաս և ամբողջ այդ պետության հետ միասին էլ ընդունեց քրիստոնեություն։ Այսինքն, Ուտիքի նահանգի Շակաշեն գավառը, որի պատմական տարածքում է տեղադրվում Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով հանդերձ, տակավին IV դարասկզբում քրիստոնեությունն ընդունել է Մեծ Հայք պետության կազմում։[26] Քրիստոնեության ընդունման պաշտոնական արարողությանը Հայոց թագավորի արքունիք հրավիրված իշխանների մեջ « ․․․ տասներեքերորդը իշխանն էր Ուտիացոց աշխարհի ․․․»։ [27] Ի դեպ, տեքստում նշված արարողությանը հրավիրվածների մեջ 11-րդը Սյունիքի իշխանն էր, իսկ 12-րդը՝ Ծավդեքի (Արցախի) իշխանը[28]։ V դարի պատմիչ Ագաթանգեղոսը Մեծ Հայքի բոլոր 15 նահանգների և այդ թվում նաև Ուտիքի կողմից քրիստոնեության ընդունման մասին գրել է․ «Գրիգորը (Լուսավորիչը – Տ․Ս․) ամբողջ Հայոց երկրում ծայրից – ծայր ջանաց, սփռեց, տարածեց քարոզչության ու ավետարանչության գործը՝ Սատաղացիների քաղաքից մինչև Խաղտյաց երկիրը, Կղարջքի մոտ՝ ընդհուպ մինչև Մասքուտների (Աղվանքից արևելք՝ Կասպից ծովի ափին Ճորա – Չորա երկրի) սահմանները, մինչև Ալանաց դռները, Կասպից սահմանները և Հայոց թագավորության Փայտակարան քաղաքը․․․»։ [29]
ՀԱՐՑ-7․ Հռոմը և Պարսկաստանը 387թ․ համատեղ ուժերով վերացրեցին Մեծ Հայք պետությունը՝ նրա տարածքները բաժանելով միմյանց միջև։ Պարսկաստանին անցած մասում Հայոց Արշակունյաց թագավորությունը շարունակեց գոյատևել մինչև 428 թվականը։ Ուտիքի նահանգն ամբողջությամբ անցավ Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ վերջինս էլ, իր հերթին, այդ նահանգը հանեց Հայաստանից և բռնակցեց Պարսկաստանի լծի տակ գտնվող Աղվանքի թագավորությանը և հանկարծ․․․ 406թ․ Հայաստանում ստեղծվում է սեփական այբուբենը (գիրը), դպրությունը, գրականությունը։ Մշակութային այս հեղափոխությունն արդյո՞ք իր մեջ ընդգրկեց նախկին Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգը, որը շարունակում էր մնալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծոցում, հայախոս էր, հայաբնակ և նաև ուտիաբնակ։
ՊԱՏԱՍԽԱՆ-7․ V դ․ սկզբում Հայոց Արշակունի Վռամշապուհ թագավորի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի տիտանական ջանքերի շնորհիվ ստեղծվեցին հայ գիրն ու գրականությունը։ Հայաստանը գրեր ստեղծեց նաև Աղվանքի համար։ Մաշտոցի ստեղծած աղվանական այդ այբուբենը հայտնաբերվել է 1937թ․ Էջմիածնի մատենադարանի Nօ 7117 ձեռագրում (այն այժմ գտնվում է Երևանի մատենադարանի գրապահոցում՝ No 7117)։ [30]
Հայաստանը Ուտիքը դիտելով իր ազգաբնակչության, հավատքի, հայախոսության, մշակույթի, ավանդույթների, սոցիալ – տնտեսական և քաղաքական կյանքի անբաժանելի կազմամաս, Մ․ Մաշտոցի ու նրա աշակերտների ջերմեռանդ մասնակցությամբ այնտեղ ևս հիմնեց, տարածեց հայ գիրը, դպրությունը և գրականությունը։ [31] Եվ Ուտիքի նահանգն ամբողջությամբ զինված հայ-աղվանական եկեղեցական միասնական դավանանքով, հայ գրով, դպրությամբ ու գրականությամբ շարունակեց իր պատմական դժվարին ուղին հետագա դարերում։
ՀԱՐՑ-8․ Պատմական Մեծ Հայք պետության սահմանները Աղվանքի հետ անցել են Կուր գետով, որի աջ ափերին են տարածվել Ուտիքի նահանգի և, հատկապես, նրա Շակաշեն գավառի հողերը, որոնցում տեղադրվում է արդի Գանձակի (Գյանջայի) երկրամասը։ Այդ մասին կան արդյո՞ք վկայություններ անտիկ շրջանի պատմաաշխարհագրական աղբյուրներում։
ՊԱՏԱՍԽԱՆ-8․ Պատմական Մեծ Հայք պետության (մ․թ․ա․ 189-մ․թ 387 թթ․)գոյության 600 տարիների ընթացքում հայ-աղվանական պետա-քաղաքական սահմանագիծն անցել է Կուր գետով, որպիսի փաստը հաստատում են անտիկ պատմագիրները, աշխարհագիրները և քարտեզները։ Կրկնենք Ստրաբոնի վկայությունը․ « Հայաստանում․․․Արաքսի հովիտը․․․, որով Արաքս գետը հոսում է մինչև Աղվանքի սահմանը՝ թափվելով Կասպից ծովը։ Այնուհետև գալիս է Աղվանքի և Կուր գետի հետ սահմանակցող Սակասենը (Sacasenae)։ Հայաստանի երկրամասերն են համարվում Ուտիքը (Otena), Կամբեճանը (Կոմբիսենա) և Արցախը (Օրխիստենա)․․․»։ [32] Փաստորեն, տվյալ դեպքում, Մեծ Հայքն Աղվանքի հետ սահմանակցել է Ուտիքի նահանգի Սակաշեն (Sacasenae) գավառի տարածքներով՝ Կուր գետին հարակից վերջինիս հողերով։ Հողեր, որտեղ տեղադրվում է Գանձակի (Գանձակ-Գյանջայի) երկրամասը։ [33]
Համաձայն Պլինոս Ավագի (23-79 թթ․)․ « Այս ցեղը (աղվանները), տարածված լինելով Կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասված է, մինչև Հայաստանի և Իվերիայի միջև սահմանակից հանդիսացող Կուր գետը»։ [34] Կլավդիոս Պտղոմեոսի (90 – 168 թթ․) վկայությամբ․ «Մեծ Հայքը հյուսիսում սահմանակցում է Կոլխիդային, Իվերիային և Աղվանքին Կուր գետով անցնող վերոնշյալ գծով»։ [35] ըստ Պլուտարքոսի (45 – 127 թթ․) հաղորդման․ «Բայց երբ ձմեռը եկավ հռոմեական զորքի վրա հասավ այդ երկրում (Հայաստանում – Տ․ Ս․) ․․․ աղվանները չորս բյուրից ոչ պակաս թվով հավաքվեցին անցան Կյուռնոս (Կուր – Տ․Ս․) գետը և հարձակվեցին նրանց վրա»։ [36] Ըստ Դիոն – Կասսիոսի (155 – 235 թթ․) վկայության, « ․․․Օրոյսեսը՝ Կյուռնոսից (Կուր գետից – Տ․Ս․) վերև բնակվող աղվանների թագավորը ․․․ արշավեց նրա (Պոմպեոսի – Տ․Ս․) վրա»։ [37]
Անտիկ հեղինակների վերոգրյալ վկայությունները հիմնավորում է VII դարասկզբի հայ գիտնական Ա․ Շիրակացին իր «Աշխարհացոյց»-ում, որտեղ, թվարկելով ու տեղադրելով Մեծ Հայք պետության բոլոր 15 նահանգները, նշում է «․․․տասներկուերորդը Ուտիացվոց աշխարհն է, որը սահմանակից է Աղվանքից Կուր գետով»։ [38]
ՀԱՐՑ-9․ 387թ․ Մեծ Հայք պետության անկումից և 428թ․ Հայոց Արշակունյաց Թագավորության վերացումից հետո ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր ունեցավ Ուտիքի նահանգի Շակաշեն (Սակաշեն) գավառը, որի պատմական տարածքում ներկայումս գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով հանդերձ։
ՊԱՏԱՍԽԱՆ-9․ 387թ․ անկում ապրեց Մեծ Հայք պետությունը, որի տարածքի 1/5 մասն անցավ Հռոմին (հետագայում՝ Բյուզանդիային), իսկ 4/5 մասը՝ Պարսկաստանին։ Վերջինիս անցած տարածքում Հայոց Արշակունյաց Թագավորությունը (սկսվել էր 63թ․ Հռանդեայի պայմանագրով) վերացավ 41 տարի հետո՝ 428թ․։ Պարսկաստանին անցավ նաև Ուտիքի նահանգն ամբողջությամբ, որտեղ այն նախ բռնակցվեց Պարսկաստանի կազմում գտնվող Աղվանից ձևական պետությանը, իսկ 510 թվականից՝ Պարսկաստանի կազմամաս համարվող Աղվանից մարզպանությանը, որտեղ այն մնաց մինչև 640-ական թվականները, երբ արաբները գրավեցին և՛ Պարսկաստանը, և՛ Անդրկովկասը։ Ա․ Շիրակացու «Աշխարհացոյց»-ի որոշ հատվածներ արտացոլում են այս իրողությունը։ Ընդհանրապես բուն Աղվանքն ունեցել է 23․002կմ2 տարածք և 11 գավառներ՝ Եղնի (Խենի), Կամբեճան, Բեղ, Շաքե, Գետառու, Խողմազ, Դեղավու, Համբասի, Ոստան-ի- Մարզպան (Կապաղակ), Քաղադաշտ, Դաշտ-ի-Բաղկան (որ է Հեջերի)։ [39] Համաձայն «Աշխարհացոյց»-ի․ «Աղբանիան, այսինքն Աղվանից աշխարհը սկսվում է Վրաց աշխարհից արևելք և Սարմատիային սահմանակից Կովկասյան լեռներով, մինչև Կասպից ծովն ու Հայաստանի սահմանը Կուր գետով։ Թեպետ և այստեղից մինչև Կուր գետն ընկած ամբողջ տարածությունը Հայաստանից է հանված, բայց մենք խոսելու ենք Աղվանքի բուն աշխարհի մասին, որը գտնվում է մեծ գետ Կուրի և Կովկասյան լեռների միջև»։ [40] Դրա հետ մեկտեղ, «Աշխարհացոյց»-ում արտացոլված է նաև Աղվանից պետությանը (510թ․ հետո՝ մարզպանությանը) Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների բռնակցված վիճակը; Այնտեղ նշված է․ «Աղվանքի կազմում են նաև այլ քսան գավառներ, որոնք հանված են Հայաստանից՝ Շակաշեն, Գարդման, Քոստի – Փառնես, Կողթ, Աղվե, Տուս – Քուստակ, Ուտ – Ռոստակ, Ռոտ – Պարսյան, Մեծ Կունեք, Մեծ – Իրանք, Պիանք, Հարճլանք, Պարսականք, Մուխանք, Վայկունիք, Փոքր Հաբանդ (կամ Սիսական-ի- Կոտակ), Ռոտստակ, Բերդաձոր, Տռի, Առան-ռոտ, մինչև Երասխի խառնվելը Կուր գետում»[41]։ Պարսկաստանի կողմից իր կազմի մեջ մտնող Աղվանքին բռնակցված Մեծ Հայքի 20 գավառները բոլորը միասին ունեին 26․493 կմ2 տարածք և ավելի ընդարձակ էին, քան բուն Աղվանքը (23․002կմ2)։[42] Եվ նշված 20 հայկական գավառներից «Աշխարհացոյց»-ում առաջինը մատնանշվում է Շակաշենը[43] (Սակաշենը) 2900 կմ2 տարածքով։[44] Նշված 20 գավառներից 8-ը պատկանում էին Մեծ Հայքի Ուտիքի նահանգին՝ Առան-ռոտ, Տռի, Ռոտ-Պարսեան, Աղվե, Տուս-Քուստակ, Գարդման, Շակաշեն, Ուտի Առանձնակ (Ուտ Ռոստակ)[45], իսկ մնացյալ 12 գավառները՝ Մեծ Հայքի Արցախ նահանգին»։ [46]
VIդ․ II կեսերին Պարսկաստանը բաժանվեց ռազմա-վարչական 4 միավորների՝ քուստակների, որոնցից 4-րդը Կովկասի (Կապկոհի) քուստակն էր իր 14 մարզպանություններով։ Այս քուստակում, Հայոց, Վրաց և Աղվանից մարզպանությունների կողքին, 571թ․ ավելացվեց նորաստեղծ 2-րդ հայկական մարզպանությունը Սիսական անվամբ, որն ընդգրկեց նախկին Մեծ Հայքի երկու նահանգները՝ Սյունիքը և Արցախը, ընդ որում՝ Սյունիքը հանվեց Հայոց, իսկ Արցախը՝ Աղվանից մարզպանությունից[47]։ Այսպիսով, 571թ․ սկսած մինչև 640-ական թվականները Աղվանից մարզպանության կազմում Պարսկաստանը, բացի բուն Աղվանքից, թողեց միայն հայկական Ուտիք նահանգն իր 8 գավառներով (ներառյալ Շակաշենը)։
ՀԱՐՑ-10․ VII դ․ 40-ական թվականներին արաբները գրավեցին Պարսկաստանը և Պարսկական Անդրկովկասը։ Ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր բաժին ընկավ նախկին Մեծ Հայքի Ուտիքի նահանգին և, հատկապես, վերջինիս Շակաշեն (Սակաշեն) գավառին, որի պատմական տարածքում ներկայումս գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով հանդերձ։
ՊԱՏԱՍԽԱՆ-10․ Արաբները 640-ական թվականներին գրավեցին Պարսկաստանն ու Պարսկական Անդրկովկասը։ Հայտնի է, որ Ուտիքի Բերդաս (Պարտավ), Շաքշին (Շակաշեն – Սակաշեն – Sacasena), Մեսխվան (Մեծկվանք), Ուտի (Ուտի-Առանձնակ), Մարասպան (Մեծիրանք), Հերջելիան (Հարճլանք), Թոբաղ, Շեմքուր (Շամխուր) և այլ բնակավայրեր ընկան Արաբական խալիֆայության տիրապետության տակ[48]։ Բայց Հայաստանը, իշխան Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, 652թ․ Արաբական խալիֆայության հետ կնքելով փոխադարձ օգնության պայմանագիր և ընդունելով նրա գերիշխանությունը, ձեռք բերեց փաստացի անկախության կարգավիճակ։ 653թ․ Թեոդորոս Ռշտունին Արաբական խալիֆայության կողմից նշանակվեց այդ խալիֆայության ենթակայության տակ գտնվող Հայաստանի, Աղվանքի, Վրաստանի և Սիսականի (Սյունիքի և Արցախի) իշխան և կառավարիչ։ Թ․ Ռշտունին դրանով, բնականաբար, դարձավ նաև Ուտիքի նահանգի և, մասնավորապես, Շակաշեն (Սակաշեն) գավառի ընդհանուր կառավարիչ։ Թ․ Ռշտունու մահից (659թ․) հետո իր այս լիազորությունները փոխանցվեցին նրա իրավահաջորդներին՝ Համազասպ Մամիկանյանին, Գրիգոր Մամիկոնյանին, ապա՝ Սմբատ, Աշոտ Բագրատունի իշխաններին և այլոց՝ ընդհուպ մինչև VIIդ․ վերջերն ու VIIIդ․ սկիզբը (701թ․)։ [49]
ՀԱՐՑ-11․ 701-885թթ․ համարյա ամբողջ Անդրկովկասը գտնվում էր Արաբական խալիֆայության Արմինիա (Հայաստան) նահանգի կազմում՝ Հայաստանի մայրաքաղաք Դվին կենտրոնով։ Այս խառնաշփոթ իրավիճակում ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր ունեցավ մեր ուշադրության առարկա Ուտիքի նահանգի Շակաշեն (Սակաշեն) գավառը, որի պատմական տարածքում ներկայումս գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով։
ՊԱՏԱՍԽԱՆ-11․ 701-885 թթ․ համարյա ամբողջ Անդրկովկասը գտնվում էր Արաբական խալիֆայության Արմինիա (Հայաստան) նահանգի կազմում, որի կենտրոնը Հայաստանի մայրաքաղաք Դվինն էր (այստեղ էր նստում արաբ ոստիկանը-նահանգապետը)։[50] Համաձայն IXդ․ արաբ պատմիչ Իբն-Խորդադրեի և հայ պատմաբան Լեոի (XXդ․), Արմինիա նահանգը բաժանվում էր 4 վարչա-տարածքային մասերի․ «Առաջին Հայաստան – Սիսաջան (Արցախն ու Սյունիքը միասին վերցրած), Արրան, Թիֆլիս, Բերդա, Բայլաքան, Կաբալա և Շիրվան։ Երկրորդ Հայաստան – Ջուրզա, Սուգդաբիլ, Բաբ-ֆեյրուզ-Կուբադ և ալ-Վազկի։ Երրորդ Հայաստան – Բուսֆուրաջան, Դաբիլ (Դվին), Սիրաջ-Տայր, Բագրվանդ և Նաշավա։ Չորրորդ Հայաստան – Շիմշար, Խիլաթ, Քալիքալա, Արջիշ ու Բուջունեյս»։[51] Ըստ Լեոի․ «Թիֆլիսի և Բերդայի (Պարտավի) միջև կային մի շարք քաղաքներ, որոնցից հիշատակության արժանի են Ջանգա (Գանձակ, Քանզա), Շամքուր, Խանուռ քաղաքները»։[52] Վերոգրյալներով հավաստվում է, որ պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգն իր 8 գավառներով, այդ թվում Շակաշենով (Սակաշենով) հանդերձ, գտնվել է Արաբական խալիֆայության Արմինիա (Հայաստան) նահանգի «Առաջին Հայաստան» վարչա–տարածքային միավորի մեջ։ Մանավանդ, որ VIII դարում Արմինիա (Հայաստան) նահանգի Դվին կենտրոնաքաղաքին զուգահեռ արաբ նահանգապետի 2-րդ նստավայր դարձավ Պարտավը։[53] Ի դեպ, XIII դ․ արաբ պատմիչ Իբն-ալ-Ասիրը 707թ․ նոյեմբերի 30-ի դրությամբ ամբողջ անդրկովկասին տալիս էր Արմինիա (Հայաստան) անվանումը, իսկ Վասպուրականի,Դվինի, Տփխիսի, Գարդմանի, Պարտավի, Բայլականի բնակիչներին՝ Արմինիա (Հայաստանի) նահանգի բնակիչներ։ Նա գրում է, որ 852թ․ (853թ․) արաբ Յուսուֆ ոստիկանի Տարոնում հայերի կողմից սպանվելու պատճառով Բուղա-ալ-Քաբիրին վրեժխնդիր եղավ «․․․Արմինիա (Հայաստան) նահանգի ամբողջ բնակչությունից՝ Աղբակում (Վասպուրականում), Դվինում, Տփխիսում․․․ Գարդմանում, Պարտավում, Բայլականում»։ [54]
ՀԱՐՑ-12․ Ժողովրդագրական ինչպիսի՞ նկարագիր է ունեցել պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգն իր Շակաշեն գավառով հանդերձ վաղնջական ժամանակներից մինչև IX դարի վերջերը։
ՊԱՏԱՍԽԱՆ-12․ Պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգը, որը տարածվում էր Գուգարքի, Արցախի, Սյունիքի և Կուր գետի միջև, ընդգրկում էր Թարթառ (Տրտու) գետի միջին և ստորին հոսանքներում գտնվող հողերը։ Գանձակի լեռների և Թարթառ գետի վերին և միջին հոսանքների գավառներում բնակվում էին գերանզացապես հայեր, իսկ Կուր գետին հարող դաշտավայրային շրջաններում՝ աղվաններ։ I դարի և դրան նախորդող դարերի ընթացքում ինչպես Մեծ Հայյքի բոլոր նահանգներում, այնպես էլ Ուտիքում բնակչությունը միալեզու – հայալեզու էր։ [55] Դրան հատկապես նպաստեց Մեծ Հայք պետության կազմում Ուտիքը մոտ 600 տարի անընդմեջ գտնվելու հանգամանքը։ Այդ բնականոն վիճակը շարունակվեց ու խորացավ IV դարում Մեծ Հայքի կազմում Ուտիքի քրիստոնեացման, V դարում հայոց գրի, դպրության, գրականության ստացման-ըմբոշխնման հետևանքներով։ Ուտիքի հայալեզու, հայագիր, հայադավան լինելու իրողությանը մեծապես նպաստել են նաև այդ նահանգի անմիջական հարևան բուն Աղվանքի՝ Հայաստանից քրիստոնեության ընդունման, իր գրերի ստացման և հայ-աղվանական սոցիալ-տնտեսական ու հոգևոր-մշակութային միասնական միջավայրի գոյությունն ու սերտաճած հարաբերությունները։ Վերոգրյալ իրողությունների ուժով IX դարավերջում Ուտիքի դաշտային մասերում բնակվող աղվանների մեծ մասն ի սպառ հայացած էր։ Անկախ քաղաքական խառն իրավիճակներից, Հայաստանն ու հայկական ընդհանուր միջավայրը գերակայություն են ունեցել Աղվանքի և Արևելյան Անդրկովկասի մյուս երկրամասերի համեմատ։ Այսպես, օրինակ՝ արաբ պատմիչ Իբն-ալ-Ֆակիհի վկայությամբ՝ Արմինիա (Հայաստան) նահանգի բուն հայկական հատվածում VIII դարում եղած 18000 գյուղերի հանդիման Աղվանքում և Արևելյան Անդրկովկասի մյուս վայրերում եղել են ընդամենը 4000 գյուղեր, ընդ որում՝ հայկական հատվածի 18000 գյուղերի բնակիչները եղել են գերազանցապես հայեր, իսկ նշված տարածաշրջանի 4000 գյուղերի բնակչությունը՝ խայտաբղետ ու խառնիճաղանճ։ Արաբական տիրապետության շրջանում (VII-IX դդ․) Ուտիքում ևս վերաբնակվեցին արաբներ, այնտեղ հնուց ի վեր կային նաև ոչ մեծ թվով պարսիկներ, որոնք Ուտիքի դաշտային մասում դեռևս մնացած աղվանների շրջանում տարածեցին իսլամ։ [56] Բայց, այնուամենայնիվ, ՈՒտիքի բնակչությունը մինչև IX դարը գերազանցապես հայաբնակ ու հայախոս էր, աղվանների գերակշիռ մասը ևս հայացած էր ու հայախոս։ Այս ամենի վկայության վառ օրինակներից մեկն էլ Ուտի Առանձնակ (Ուտ Ռոստակ) գավառի Կաղանկատուք գյուղում ծնված, IX դարի հայ մեծ պատմագիր Մովսես Կաղանկատվացին է իր «Աղվանից աշխարհի պատմություն» կոթողային աշխատությամբ։ [57] Իսկ Ուտի-Առանձնակ գավառի անմիջական հարևանը Շակաշենն էր, որի պատմական տարածքում էլ գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով։
ՀԱՐՑ-13․ 885-1045թթ․ (160 տարի) գոյություն ունեցավ Հայոց Բագրատունյաց Թագավորությունը։ Պատմական Մեծ Հայք պետության Ուտիքի նահանգի գավառները և, մասնավորապես, մեզ հետաքրքրող Շակաշեն գավառը ինչպիսի՞ քաղաքական առնչություններ են ունեցել հայկական այդ պետության հետ։
ՊԱՏԱՍԽԱՆ-13․ Այս հարցի պատասխանը տալու համար դիմենք այդ ժամանակաշրջանում ապրած պատմագիր Հովհաննես Դրասխանակերտցու վկայություններին։ Նա գրում է․ «Եվ ապա (Աշոտ 1-ին Բագրատունի թագավորը-Տ․Ս․) (885-891թթ․) ձեռք գցելով հյուսիսային կողմերի Մեծ Կովկասի ծործորանների վրա, հովիտներում ու երկայնագոգ ձորերում բնակվող ազգերին, իրեն է ենթարկում, նաև ամբողջությամբ իր ազդեցության տակ է գցում Գուգարքի խռովարար ժողովուրդներին և Ուտի գավառի ավազակային մարդկանց՝ նրանցից վանելով մարդադավ ավազակությունը, բոլորին դարձնում է օրինավոր և հնազանդ և նրանց համար առաջնորդներ ու իշխաններ է կարգում»։ [58] Պատմագիր Դրասխանակերտցին մեկ այլ տեղում ևս վկայում է․ «Սմբատ արքան (Հայոց Սմբատ I Բագրատունի թագավորը, 892-895թթ․-Տ․Ս․) ետ է դառնում Դվին մայրաքաղաքը ․․․ ընդ որում Վրաց մեծ Կուրապաղատն ու նրա համախոհները, հավանելով նրա գեղեցիկ կարգերին և ուղղությանը, հնազանդվում էին նրան։ Ըմբոստներին էլ համարձակ զորությամբ ու բռնորեն նեղելով՝ իրեն է հնազանդեցնում։ Եվ այսպես, ձգտելով ընդլայնում է իր տերության սահմանները հյուսիս արևմուտքից մինչև Կարին քաղաքը, իսկ այնտեղից էլ Կղարջքով այն կողմ անցնելով ու հասնելով մինչև Մեծ ծովի (Սև ծովի) ափը, Եգերացիների սահմանները Կովկասյան լեռան ստորոտում՝ գրավելով Գուգարքն ու Ծանարքը, մինչև Ալանաց դուռը և գրավելով նաև նրանց երկաթյա դռնով ամրոցը։ Իսկ այնտեղից էլ՝ մինչև հարավային կողմը՝ Կուր գետով մինչև Տփխիս քաղաքը, ինչպես նաև Ուտի գավառը մինչև Հունարակերտ քաղաքը և Տուս ու Շամքորը։ Եվ այսպես ընդարձակելով իր պետության սահմանները և դնելով արքունի հարկերի, տուրքերի և մաքսերի լծի տակ՝ իր քաջահմտության զենքը տնկում է որպես հաղթության նշան»։[59] Անգամ արաբ ոստիկան Արփշինը IX դարավերջում փորձել էր Հայոց Բագրատունյաց Թագավորության դեմ ապստամբեցնել Ուտիքը։[60] Երբ Հայոց Աշոտ II Բագրատունի (Աշոտ Երկաթ) թագավորը (914-930թթ․) Արաբական խալիֆայության կողմից ճանաչվեց <շահնշահ» («արքայից արքա»), նրա դեմ ապստամբեց Ուտիքի իշխան Մովսեսը։ «Աշոտ թագավորը ․․․ իր ամբողջ զորքով գնում է Ուտի գավառը՝ հնազանդեցնելու Մովսեսի բիրտ ապստամբությունը, որին հենց ինքն էր կարգել իշխան և հրամանատար Ուտի գավառի այն ցեղերի վրա»,- գրում է Դրասխանակերտցին։ [61]
Պատմագետ Թ․ Խ․ Հակոբյանի համաձայն․ «Ուտիքի լեռնային մի քանի գավառները (Գարդմանը, Տավուշը և այլն) Հայաստանում Բագրատունիների թագավորության շրջանում միացված էին Հայկական թագավորությանը»։ [62]
Վերոգրյալ տեղեկությունների հիման վրա կարող ենք պնդել, որ 885-1045թթ․ Ուտիքի նահանգը, այդ թվում նրա 7-րդ գավառ Շակաշենը, որի պատմական տարածքում այժմ գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքն իր շրջակա հողերով,-ամբողջությամբ եղել է Հայոց Բագրատունյաց Թագավորության ընդհանուր ենթակայության տակ, իսկ Ուտիքի նահանգի արևմտյան գավառները (Գարդմանը, Տավուշը և այլն՝ ընդհուպ մինչև Շամխոր) միացված էին Հայկական պետությանը։
ՀԱՐՑ-14․ Ինչպիսի՞ քաղաքական կամ վարչա-տարածքային կարգավիճակում էր գտնվում Ուտիքը Գանձակի երկրամասով հանդերձ 1045-1236թթ․։
ՊԱՏԱՍԽԱՆ-14․ Դեպի Անդրկովկաս թուրթ-սելջուկների արշավաքներից հետո և Մելիք-շահ I սուլթանի օրոք (1073-1092թթ․) Հայաստանի պատմական տարածքներում և Անդրկովկասի այլ վայրերում առաջացան մահմեդական-սելջուկյան էմիրություններ (մանր ու միջին իշխանություններ)։ XI-XII դդ․ Հայաստանի տարածքում ի հայտ եկավ Շադդադյանների էմիրությունը Դվին կենտրոնով։ XI դարի II կեսերից սկսած այս էմիրությանն էին պատկանում նաև պատմական Մեծ Հայքի Ուտիքի նահանգի շատ հողեր Գանձակ (Գյանջա) քաղաքով հանդերձ։ 1130-ական թթ․ Մելիք-Տուղրիլ-շահը գրավեց Շադդադյան էմիրությունը՝ հաստատվելով այդ էմիրության արևելյան տարածներում գտնվող Գանձակ (Գյանջա) քաղաքում։ Դրանով էլ 1130-ական թթ․ հիմնվեց Գանձակի էմիրությունը[63], որի բնակչության մեծ մասը այդ դրությամբ հայ էր ու հայախոս, ապա գալիս էին մահմեդական տարրերը և սակավաթիվ աղվաններ։ Գանձակի (Գյանջայի) էմիրության կազմի մեջ էին մտնում նաև պատմական Մեծ Հայքի Ուտիքի նահանգի Գարդման, Ուտի Առանձնակ (Ուտ Ռոստակ), Շակաշեն (Սակաշեն) և այլ գավառների հողեր։[64] Գանձակի էմիրությունը վերացվեց մոնղոլների կողմից 1236թ․։ [65]
ՀԱՐՑ-15․ Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էր գտնվում Գանձակի Էմիրությունը XI-XIIդդ․ Վրաց պետության և Հայկական Զաքարյան Իշխանապետության հետ։
ՊԱՏԱՍԽԱՆ-15․ Գանձակի էմիրությունը XI-XIIդդ․ վերածվեց քոչվոր-եկվոր-բարբարոս օղուզ-թուրք-սելջուկների որջի՝ ընդդեմ Անդրկովկասի բնիկ ու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, վրացիների, դեռևս մնացած աղվանների։ Միջազգային դրությունը վատացավ, երբ 1071թ․ Մանազկերտի ճակատամարտում սելջուկ-թուրքերը հաղթեցին պատմական կուրամտություն դրսևորած Բյուզանդիային, որը 1045թ․ նախ կործանեց Հայոց Բագրատունյաց Թագավորությունը, ապա իր սահմաններից հեռացրեց հայ-վրացական զորքերն ու ինքը մեն-մենակ մնաց Կենտրոնական Ասիայից Անդրկովկաս և Փոքր Ասիա ներխուժող օղուզ-թուրք-սելջուկների դեմ-հանդիման։ Գերմանացի պատմաբան Հ․ Գելցերը հիշյալի մասին գրել է․ «1071թ․ Մանազկերտի պարտության ճակատագրական սարսափելի օրը Բյուզանդական մեծ պետության մահվան օրն էր։ Թեև նրա հետևանքներն իրենց բոլոր ահավորությամբ անմիջապես զգալի չեղան, սակայն Փոքր Ասիայի արևելյան մասերը, Հայաստանը և Կապադովկիան, որոնք այնքան կայսրեր ու զորապետներ էին տվել և կազմում էին պետության իսկական ուժը՝ ընդմիշտ կորած էին կայսրության համար, ու թափառական թուրքը հին հռոմեական փառահեղության ավերակների վրա հաստատեց իր վրանը»։ [66]
Սակայն Անդրկովկասում թուրք-սելջուկների դեմ հաղթական պայքարի դրոշակակիր դարձավ Վրաստանը, որի Դավիթ Շինարար թագավորը (1089-1125թթ․)1096թ․ հրաժարվեց հարկ վճարել սելջուկներին և, ինչպես գրվում է «Վրաստանի պատմություն»-ում․ «Այս ազատագրական պատերազմում հայ ժողովուրդը կանգնեց վրացիների կողքին և նրա հետ խիզախորեն մարտնչեց թուրք-սելջուկների դեմ։ Ահա թե ինչու հետագայում Հայաստանի ազատագրումը մեծ դժվարություն չներկայացրեց»։[67] Հայ-վրացական բանակը Սարգիս Զաքարյանի (Սարգիս Մխարգրձելի), նրա որդիների Զաքարե և Իվանե Զաքարյանների (Մխարգրձելիների) և նրանց ժառանգորդների հրամանատարությամբ Թամար թագուհու օրոք (1184-1213թթ․) կոտրեցին օղուզ-թուրք-սելջուկների դիմադրությունը՝ նրանց լծից ազատագրելով նաև Հյուսիս Արևելյան Հայաստանը Անի մայրաքաղաքով հանդերձ․ «Եվ նրանց (Զաքարյաններին) տվեց (Թամար թագուհին – Տ․Ս․) Անին, ինչպես վկայում է Հայոց թագավորների մեծ ու հռչակավոր անունը․․․»։[68]Նրանց հրամանատարությամբ վրաց-հայկական բանակը 1195-1196թթ․ թուրք-սելջուկներից ազատագրեց Շամքորն ու Գանձակը։ [69] Բայց Գանձակը նրանք իրենց ձեռքում երկար չկարողացան պահել։ XIII դ․ հայ պատմիչ Ստ․ Օրբելյանը թուրք-սելջուկների դեմ պայքարում վրաց-հայկական ամբողջ ներուժի ձեռք բերած հաջողությունների մասին գրում է․ «Թամարը Գևորգ թագավորի մահից հետո մեծ պատվի արժանացրեց հայ քրիստոնեա Զաքարե իշխանի որդի Սարգսի որդիներին՝ Զաքարեին և Իվանեին՝ նրանց հասցնելով բարձր աստիճանի․ Զաքարեին նշանակեց Օրբելյանների տեղում Վրաստանի ամիրսպալասար (զորքերի գլխավոր հրամանատար – Տ․Ս), նրան հանձնելով Օրբելյանների Լոռե տիրույթը, իսկ նրա Իվանե եղբորը դարձրեց մեր Հայոց աշխարհի և Վրաստանի աթաբեկ։ Նրանց մեծ ջանքերով մեր Հայոց աշխարհն ազատեցին պարսիկներից (թուրք-սելջուկներից – Տ․Ս․), գրավեցին Առանից (Աղվանից) մինչև Բասեն, Բարկուշատից մինչև Մժնկերտ։ Վերցրին Կարսը, Վաղարշակերտը, Կաղզվանը, Սուրբ Մարին, Անին, Ամբերդը, Բջնին, Գառնին, Դվինը, Գարդմանը, Գանձակը, Չարեքը, Հերթը (նախկին Աղվանքի՝ Կուր գետի ձախափնյա տարածքը – Տ․Ս․), Շաքին, Պարտավը, Ձորաբերդը, Սյունիքը, Որոտնը, Բորոտանը, Բղեն, Բարկուշատը։ Թեպետև դա տեղի ունեցավ տարբեր թվականների, սակայն բոլորն էլ նրանք ու իրենց որդիները գրավեցին և մեր երկիրն ազատագրեցին թուրք-սելջուկների լծից»։[70] Վրաց-հայկական բանակը 1213թ․ ևս մեկ անգամ գրավեց Գանձակը՝ այդ էմիրության մեջ մտնող Տավուշ, Փառիսոս, Գարդման, Գագ հայկական երկրամասերը հանձնելով Հայկական Զաքարյան Իշխանապետության Վահրամյան ճյուղին՝ ի սեփականություն։[71] Դրանից 23 տարի հետո (1236թ․) Գանձակը նվաճվեց մոնղոլների կողմից, և պատմության գիրկն անցավ XI-XII դարերում և XIII դարասկզբում Անդրկովկասում եկվոր օղուզ-թուրք-սելջուկների հենարանի վերածված Գանձակի էմիրությունը։ [72]
ՀԱՐՑ-16․ Ինչ՞ եղավ նախկին Ուտիքի նահանգի, այդ թվում նրա Շակաշեն (Սակաշեն) գավառի տարածքի հետ XIII-XIVդդ․ մոնղոլական շրջանում․ չէ՞ որ մեզ հետաքրքրող Գանձակը, ինչպես գիտենք, տեղադրվում է Շակաշենի պատմական հողերում։
ՊԱՏԱՍԽԱՆ-16․ Արդեն նշել ենք, որ 1236թ․ մոնղոլները գրավեցին Գանձակը՝ վերացնելով նույնանուն էմիրությունը։ Մոնղոլները գրավեցին համարյա ամբողջ Անդրկովկասը։ Չինգիզ խանն իր նվաճած երկրները բաժանեց 4 խոշոր մասերի՝ ուլուսների։ Նրա ավագ որդի Չուչիի ուլուսի (կուսակալության) կազմում հայտնվեցին պատմական Հայաստանի Զաքարյան Իշխանապետության, Այրարատի, Սյունիքի, Արցախի, Ուտիքի, Փայտակարանի հողերը։ «Գյուրջիստան» կոչված վարչական միավորի կազմում ընդգրկվեցին ամբողջ Գուգարքը և Ուտիքը՝ Գարդմանից սկսած մինչև Շամխուր, և այս թումանության (ռազմական շրջանի) ղեկավարն էր հայազգի Վահրամ Գագեցին։ Ի դեպ, Անիի թումանության ղեկավարն էլ հայազգի Շահնշահ Զաքարյանն էր՝ հայտնի Զաքարյան իշխանատոհմի ժառանգորդը։ Իսկ Գանձակը սեղմված իր շրջակա սահմանափակ տարածքում՝ կրում էր մոնղոլական լուծը։ [73]
ՀԱՐՑ-17․ 1555թ․ Պոնտոսի Ամասիա բնակավայրում կնքված թուրք-պարսկական պայմանագրով Արևելյան Հայաստանը Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի, Լոռի-Փամբակի և այլ երկրամասերով անցավ պարսկաստանի տիրապետության տակ։ Ինչպիսի՞ վարչա-տարածքային կարգավիճակ ուներ Գանձակի (Գյանջայի) երկրամասը 1555-1804թթ․։
ՊԱՏԱՍԽԱՆ-17․ XVI-XVIIդդ․ Ղարաբաղի և Գանձակի երկրամասերը միասին տեղավորվել էին Ղարաբաղի խանության մեջ՝ Գանձակ (Գյանջա) կենտրոնով, վերջինիս անունով էլ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Ղարաբաղի խանությունը կոչվում էր նաև Գանձակի խանություն, որն ընդգրկում էր Արաքսից մինչև Կուր գետն ընկած ամբողջ տարածքը։ Նրա լեռնային շրջանները համապատասխանում էին պատմական Հայաստանի Արցախ նահանգի հետ (Ծավդեք, Փառիսոս), ունեին հոծ հայ ազգաբնակչություն։ Առանձնապես աչիք էին ընկնում Դիզակի, Վարանդայի, Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի հայաբնակ մահալները (շրջանները), որոնք կառավարվում էին հայ մելիքների կողմից և ներքին ինքնավարություն էին վայելում։ XVIII դ․ դրանք միավորվեցին «Խամսա» («Հնգյակ») անվան տակ («Խամսայի մելիքներ»), որոնց ընդհանուր կառավարիչը Դիզակի հայ մելիք Եգանն էր։ XVIII դարակեսերին Խամսայի մելիքությունը կոչվեց նաև Շուշիի խանություն, իսկ Ղարաբաղի խանության հյուսիսային մասերը պարսից իշխանությունները առանձնացրեցին՝ ստեղծելով Գանձակի խանությունը,[74] որի արևմտյան հատվածում գերակշռում էին հայերը, իսկ արևելյան մասում՝ մահմեդականները։ Ըստ եվրոպական ճանապարհորդների տվյալների, XVII դարում և՛ Ղարաբաղի (Շուշիի), և Գանձակի խանությունները Աղստաֆա, Բարդա, Բելագան, Շամխոր, Գանձակ բնակավայրերով մտցվել էին Երևանի բեյլերբեյության (ռազմականացված խանության) մեջ։ Ի դեպ, XVII դարավերջում Գանձակ քաղաքն ուներ 6000 ծուխ, որի կեսը հայեր էին։ Պարսիկների դեմ պատերազմում (Իսրայել Օրու տվյալներով), Գանձակը տալու էր 15․000 հայ զինվոր։[75] XVIII դարավերջում և XIX դարասկզբներին Գանձակի խանությունը հայտվել էր Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Քարթլի-Կախեթի վալիի ազդեցության տակ։ [76]
ՀԱՐՑ-18․ Գանձակը ե՞րբ միացվեց Ռուսաստանին և ինչպիսի՞ դերակատարում ունեցան դրանում հայերը։
ՊԱՏԱՍԽԱՆ-18․ Գանձակը ռուսները գրավեցին 1804թ․ հունվարի 3-ին Ցիցիանովի հրամանատարությամբ։ Ռուսներին դրանում մեծապես օգնեցին տեղի հայերը։ [77] Ցիցիանովը Գանձակը գրավեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Թիֆլիսի առաջնորդ Հովհաննես Գեղարդակիր եպիսկոպոսի և Ներսես վարդապետ Աշտարակեցու (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի) ուղեկցությամբ։ [78] 1813թ․ Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Գանձակը, որպես առանձին խանություն, միացվեց Ռուսաստանին։ Նույն պայմանագրով Ռուսաստանին միացվեց նաև Ղարաբաղի (Շուշիի) խանություն։ [79] 1823թ․ Գանձակի խանությունը վերացվեց ու մտցվեց նորաստեղծ Ղարաբաղի պրովինցիայի մեջ։[80] 1827թ․ դրությամբ Ղարաբաղի նշյալ պրովինցիան (Ղարաբաղն ու Գանձակը միասին վերցրած) ունեին 23․200 բնակիչ, որի 63․3%-ը հայեր էին։ [81]
ՀԱՐՑ-19․ Անդրկովկասում նոր վարչական կառուցվածք ձևավորելու մասին Ռուսաստանի 1840թ․ ապրիլի 10-ի օրենքի համաձայն ինչպիսի՞ կարգավիճակ տրվեց Գանձակին։
ՊԱՏԱՍԽԱՆ-19․ Նշված օրենքի համաձայն, Անդրկովկասը բաժանվեց Վիրա-Իմերեթյան նահանգի և Կասպիական մարզի։ Ելիզավետպոլի (Գանձակի, Գյանջայի) գավառը Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի (Գյումրիի), Ախալցխայի, Թիֆլիսի, Գորիի, Թելավիի, Թութաիսիի, Բելականի և Գուրիայի գավառների հետ միասին զետեղվեց Վիրա-Իմերեթյան նահանգի, իսկ Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ Կասպիական մարզի մեջ։ [82]
ՀԱՐՑ-20․ Ե՞րբ ստեղծվեց Ելիզավետպոլի (Գանձակի, Գյանջայի) նահանգը և ո՞ր տարածքներն էր այն ընդգրկում։
ՊԱՏԱՍԽԱՆ-20․ Ելիզավետպոլի նահանգը Կովկասի փոխարքայության կազմում ստեղծվել է 1867թ․։ Նրա տարածքն ընդգրկում էր պատմական Հայաստանի Արցախի և Ուտիքի նահանգները, և 1886թ․ այն ուներ 728․943 բնակիչ, որից 258․324-ը հայեր էին։ 1870թ․ վարչա-տարածքային ռեֆորմից հետո Ելիզավետպոլի նահանգը բաղկացած էր 8 գավառներից՝ Ելիզավետպոլի, Շաքիի (Նուխիի), Արեշի (Կուրի ձախ ափին), Ջևանշիրի, Շուշիի, Ջեբրայիլի, Զանգեզուրի և Ղազախի։[83] Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլ գավառն, իր հերթին, ուներ 9557կմ 2 տարածք և բաղկացած էր պատմական Հայաստանի Ուտիքի նահանգի Շակաշեն (Սակաշեն, հունարեն՝ Սակասենա) և այլ գավառներից։ [84] Ի դեպ, Զանգեզուրի գավառը 1868-1914թթ․ գտնվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ՝ Մեղրու, Ղափանի, Գորիսի, Սիսիանի շրջաններով, Դարալագյազի արևելյան որոշ հատվածով, Ղուբաթլիի, Լաչինի շրջանների արևմտյան հատվածներով և Զանգելանի ամբողջ շրջանով։ Զանգեզուրի գավառի կենտրոնը Գորիս քաղաքն էր։ [85] Ելիզավետպոլի նահանգում 1886թ․ կար 252․324 հայ (նահանգի բնակչության 35․4%-ը), 1913թ․՝ 377․596 հայ (նահանգի բնակչության 32․9 %-ը)[86]։ 1886թ․ Գանձակ (Գյանջա) քաղաքի բնակչության 43․9 %-ը, 1897թ․՝ 35․9% -ը, 1914թ․՝ 20% -ը և 1916թ․՝ 21% -ը հայեր էին։ [87]
ՀԱՐՑ-21․ Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլ նահանգը ե՞րբ վերացավ և ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր ունեցան նրա Ղազախի, Զանգեզուրի և Ղարաբաղի գավառները։
ՊԱՏԱՍԽԱՆ-21․ 1917թ․ նոյեմբերի 7-ի (հին տոմարով հոկտեմբերի 25-ի) բոլշևիկյան հեղաշրջմամբ վերացավ Ցարական Ռուսաստանը, որի արդյունքում վերացավ նաև վերջինիս Կովկասյան փոխարքայության Ելիզավետպոլի (Գանձակի, Գյանջայի) նահանգը։ 1918թ․ փետրվարի 10-ին ստեղծվեց Անդրկովկասի Սեյմը,[88] որը 1918թ․ ապրիլի 22-ին Անդրկովկասը հռչակեց անկախ հանրապետություն։ Սեյմը, իր հերթին, լուծարվեց 1918թ․ մայիսի 26-ին,[89] որի արդյուքնում նույն օրը Վրաստանը հռչակվեց անկախ պետություն, մայիսի 27 (28)-ին Անդրկովկասի քարտեզի վրա հայտնվեց «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն» անվամբ և անորոշ տարածքներով ու ազգությամբ մի պետություն։ 1918թ․ մայիսի 28-ին, ստեղծված իրավիճակի արդյուքում, հայ ժողովուրդն Արևելյան Հայաստանում վերականգնեց իր անկախ պետականությունն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության։[90] Ղազախ, Զանգեզուր և Ղարաբաղ երկրամասերը (նախկին գավառները) դարձան Հայաստանի Հանրապետության և ԱԴՀ-ի միջև տարածքային վեճերի թատերաբեմ։ Ըստ 1920թ․ դեկտեմբերի 2-ին ՌՍՖՍՀ-ի և ՀՀ-ի միջև Երևանում կայացված համաձայնության, Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։ Այդ համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, նախկին Գանձակ նահանգի Զանգեզուր գավառը և Ղազախ գավառի մի մասը Դիլիջան քաղաքով հանդերձ «անվիճելի կերպով» մտցվեցին ՀԽՍՀ-ի կազմի մեջ։ Ի դեպ, նույն համաձայնագրով ՀԽՍՀ-ի կազմի մեջ «անվիճելի կերպով» մտցվեց նաև «Երևանի նահանգն» իր բոլոր գավառներով։ Իսկ «Երևանի նահանգի բոլոր գավառների» մեջ էր մտնում նաև Նախիջևանի երկրամասը։[91] 1920թ․ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի Հեղափոխական Կոմիտեն հրապարակեց Հռչակագիր, որում նշված էր․ «․․․Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին սահմանները վերացվում են։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը ճանաչվում են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմամաս․․․»։[92] Ստալինը ևս (Լենինի գիտությամբ) 1920թ․ դեկտեմբերի 1-ին ողջունեց Ադրբեջանի Հեղկոմի հիշյալ հռչակագիրը՝ նշելով․ «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը կամավոր հրաժարվում է վիճելի տարածքներից և հռչակում Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Խորհրդային Հայաստանին»։[93] Նույն օրը Օրջոնիկիձեն Բաքվից Մոսկվա հաղորդեց․ «Փոխանցեք ընկերներ Լենինին և Ստալինին հետևյալը․ «Հենց նոր լուր ստացվեց Էրիվանից, որ Էրիվանում հռչակվել է Խորհրդային իշխանություն․․․ Ադրբեջանը երեկ արդեն հայտարարել է Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին փոխանցելու օգտին»։[94] Ադրբեջանի Հեղկոմի այդ հռչակագիրը ողջունեց նաև Հայկական ԽՍՀ-ի ղեկավարությունը։ [95]
Ելիզավետպոլը (Գանձակը, Գյանջան) 1918թ․ մայիսի 27(28)-ին ԱԴՀ-ի հռչակումից հետո դարձավ նրա ժամանակավոր մայրաքաղաքը, քանի որ Բաքուն այդ դրությամբ գտնվում էր բոլշևիկների ձեռքին՝ 26 կոմիսարների գլխավորությամբ։ Եվ միայն 1918թ․ սեպտեմբերին, երբ օսմանյան թուրքերը գրավեցին Բաքուն, և Բաքվի կոմունան տապալվեց, ԱԴՀ-ի մայրաքաղաքը Ելիզավետպոլից (Գանձակից, Գյանջայից) տեղափոխվեց Բաքու։ [96]
ՀԱՐՑ-22․ Ինչպիսի՞ տեղեկություններ կան Գանձակ (Գյանջա) քաղաքի և նրա շրջակա տարածքների ազգագրական վիճակի մասին 1920թվականից ցայսօր ընկած ժամանակահատվածում։
ՊԱՏԱՍԽԱՆ-22․ Դեռևս 1905 և 1918թթ․ Գանձակում և նրա շրջակայքում եղան հայ-թաթարական ազգամիջյան սուր բախումներ, որոնց արդյունքում թաթարները կենտրոնացված բնակվեցին Գյանջաչայ գետի ձախ, իսկ հայերը՝ աջ ափին («Քիլիսա-քենդ» – «Եկեղեցական գյուղ» թաղամասում)։ Գյանջան իր մշակութային, տրանսպորտա-տնտեսական նշանակությաբ և բնակչության թվով Ադրբեջանական ԽՍՀ-ի 2-րդ քաղաքն էր՝ Բաքվից հետո։ 1935-1989թթ․ այն բոլշևիկյան գործիչ Ս․ Մ․ Կիրովի պատվին կրում էր Կիրովաբադ անունը։ Գյանջա-Կիրովաբադը 1939թ․ ուներ 98․900, 1959թ․՝ 116․000, 1970թ․՝ 189․500, 1979թ․՝ 231․900, 1989թ․՝ 278․000, 2004թ․՝ 320․000 բնակիչ։ Ներկայումս Գյանջայում բնակվում է մոտ 350․000մարդ։ 1988թ․ նոյեմբերի 21-ին ադրբեջանական իշխանությունները Գանձակում (Կիրովաբադում) կազմակերպեցին հայերի ջարդ։ Հայերը 2 շաբաթ հաջողությամբ ինքնապաշտպանվեցին, բայց այնուամենայնիվ, ունեցան 18 զոհ, 74 ծանր վիրավոր և 60 անհետ կորած։ Հայերի ջարդերը դադարեցվեցին խորհրդային զորքերի կողմից։ Եվ հայությունը, որոնց թիվը քաղաքի 280․000 բնակչության մեջ կազմում էր մոտ 80․000, դատարկեց քաղաքը և բռնագաղթեց Հայաստան, Արցախ ու նախկին ԽՍՀՄ-ի այլ վայրեր։ Ներկայումս Գյանջա (նախկին Կիրովաբադ) քաղաքում և դրա շրջակա տարածքներում, կատարված էթնիկ զտումների հետևանքով, ոչ մի հայ չի բնակվում։
Տիգրան Ղևոնդի Սահակյան
Պետականագետ, Հայկական հարցի փորձագետ
Երևան, 30.12.2020թ.
[1] Strabo, XI, XIV, 4.
[2] Strabo, XI, VII, 2.
[3] Strabo, XI, VIII, 4.
[4] Strabo, XI, XIV,4.
[5] Ս․Տ․ Երեմյան, «Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963թ․, էջ 73, 109-110, 118։
[6] Նույնը, էջ 73, 109-110, 118։
[7] Թ․Խ․ Հակոբյան, Ստ․ Տ․ Մելիք-Բախշյան, Հ․Խ․Բարսեղյան, «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (այսուհետ՝ «ՀՀՇՏԲ»), հ․1, Երևան, 1986թ․, էջ 785։
[8] Թ․Խ․ Հակոբյան, «Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության» (այսուհետ՝ «ՈՒՀՊԱ», Երևան, 1960թ․, էջ 76):
[9] ա) Լեո, Երկերի ժողովածու, հ․2, գիրք 1, Երևան, 1967թ․, էջ 144, 143, 145-148, 151, 146,
բ) Նիկողայոս Ադոնց, «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (այսուհետ՝ «ՀՀԴ»), Երևան, 1987թ․, էջ 467-468։
[10] Թ․Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 251։
[11] «ՀՀՇՏԲ», հ․ 1, էջ 758։
[12] Ս․Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 34, 37, 46, 70, 73, 75, 77, 86, 106, 109-110, 118, 120։
[13] Նույնը, էջ 37, 105, 109, 118, 120։
[14] Նույնը, էջ 37, 119։
[15] Նույնը, էջ 79, 105, 109, 118, 120։
[16] Նույնը, էջ 79, 105, 109, 118, 120։
[17] Նույնը, էջ 34, 105, 109, 118, 120։
[18] Նույնը, էջ 86, 105, 109, 118, 120։
[19] Նույնը, էջ 46, 105, 109, 118, 120։
[20] ա) Թ․ Խ․ հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 250,
բ) Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 75, 105, 109, 118, 120,
գ) Մովսես Կաղանկատվացի, « Պատմություն Աղվանից աշխարհի» (թարգմ․ Վ․ Առաքելյանի), Երևան, 1969թ․, էջ 65 (ծնթ․ 110, էջ 280), 101, 105, 222, 237 (ծնթ․ 254 և ծնթ․ 106)։
[21] ա) Մ․ Կաղանկատվացի, նշվ․ աշխ․, էջ 65,
բ) Լեո, Երկ․ ժող․, հ․ 2, գիրք 1, Երևան, 1967թ․, էջ 754,
գ) Տ․ Ղ․ Սահակյան, «Մեծ Հայաստանի Գուգարք-Գոդերձական տարածաշրջանի քաղաքական և հոգևոր-մշակութային ճակատագիրը ի սկզբանե մինչև 1980-ական թթ․», Երևան, 2004թ․, էջ 206։
[22] ա) Մ․ Կաղանկատվացի, նծվ․ աշխ․, գիրք III, գլ․ 7-9 (էջ 231-236) և գլ․ 10 (էջ 236-237),
բ) Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն» (թարգմ․ Ա․ Ա․ Աբրահամյանի), Երևան, 1986թ․, գլ․ 69 (էջ 358),
գ) Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, «Ազգապատում», հ․ I & 553-555 (էջ 942-948) և & 605 (էջ 1025-2028),
դ) Ա․ Գլթչյան, «Պարտավի ազգային ժողովի կանոնները», Վաղարշապատ, 1905թ․, էջ 11-13, 25։
[23] ա) Պլուտարքոս, Կենսագրություններ, Պոմպեոս, 33 (թարգմ․ Ս․ Գրքաշարյանի), Երևան, 2001թ․, էջ 265,
բ) Օտար աղբյուրները Հայաստանի ու հայերի մասի, 9, Հին հունական աղբյուրներ, Ա․ Դիոն Կասսիոս, Գ․ XXXVI, 53, 1-3, էջ 141 (թարգմ․ Ս․ Տ․ Կրկյաշարյանի), Երևան, 1976թ․,
գ) Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 118,
դ) История Древнего Рима (под ред. А. Г. Бокщанина и В. И. Кузищина), Москва, 1971г., с. 221,
ե) Т. Моммзен, История Рима (перевод с немецкого, примичение Ф. М. Лурье), СПБ, Лениздат, 1993г., с. 198.
[24] ա) Օտար աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին, 9, Հին հունական աղբյուրներ, Ա․ Հովսեպոս Փլավիոս, 101-103 (էջ 79) և Դիոն Կասսիոս, գր․ 62, 19-23 (էջ 198-202),
բ) Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 118,
գ) Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», գր․ II, գլ․ ԼԸ (էջ 105),
դ) Tacitus, Historiae, Annales, XV, 15, Cambridge, Mass.-London, 1956 (loeb classical library).
[25] Н. Адонц, ” Фауст Византийский как историк” (“Христианский Восток”, т. VI, вып. III, СПБ, 1922г., с. 244-245.)
[26] ա) Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան, 1977թ․, էջ 12, ծնթ․ 48 (էջ 182-183),
բ) Ագաթանգեղոսի պատմության նորահայտ խմբագրությունը («Վարք») (թարգմ․ Հ․ Բարթիկյանի, առաջաբանն ու ծանոթությունները Ա․ Տեր-Ղևոնդյանի), Էջմիածին, 1966թ․, էջ 98, 164-168թ,
գ) G. Garitte, la Vie grecque inedite de St. Gregoir d’Armenie, Analecta Ballandiana, t. 83, q-3-4, 1965.
դ) Նույնի, Documents pour letude livre d’Agathange, Vatican, 1946,
ե) Н. Марр, “Крещение армян, грузин, абхазов и аланов святым Григорием (арабская версия), СПБ, Тип. имп. Ак. наук, 1905г.
զ) Ա․ Տեր-Ղևոնդյան, «Ագաթանգեղոսի արաբական խմբագրության նորահայտ ամբողջական բնագիրը» («Պատմաբանասիրական հանդես», I, Երևան, 1973թ)։
[27] Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», ծնթ․ 44 (էջ 178-179)։
[28] Նույն տեղում։
[29] Նույնը, էջ 130-131։
[30] ա) Հրաչյա Աճառյան, «Աղվանական այբուբենը» («ԽՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի տեղեկատու»), Երևան, 1941թ․, No 3-4,
բ) նույնի «Հայկական գրերը», Երևան, 1968թ․, էջ 216-231,
գ) Абраамян А.Г., “Дешифровка надписей кавказских агван”, Ереван, 1964г.
դ) А. Ш. Мнацаканян, ” О летературе Кавказской Албании”, Ереван, 1969г.
ե) Абуладзе, ” К открытию альфавита кавказских албанцев” (“Известия института языка, истории и материальной культуры им. акад. Марра грузинского филиала АН СССР”, 1938г․, т․ 4)․
զ) Шанидзе А., “Новооткрытый алфавит кавказских албанцев и его значение для науки” (“Изв. инст. яз., ист. и мать. культ. им. академика Марра грузинск. фил. АН СССР”, 1938г․, т․ 4)․
է) Шанидзе А., “Язык и письмо кавказских албанцев” (“Вестник отдела общ. наук АН Груз. ССР”), Тбилиси, 1960г., No. 1
ը) Тревер К., “Очерки по истории и культуре Кавказской Албании IV века до н. э․ – VII в. н.э.”, М.-Л., 1959г.
թ) Кан К., “Известия древних греческих и римских писателей о Кавказе”, Тифлис, 1884г.
ժ) Մ․ Խորենացի, «ՀՊ», գր․ III, գլ․ ԾԴ (էջ 214-215), գլ․ Կ,
ժա) Կորյուն, «Վարք Մաշտոցի» (թարգմ․ Մ․ Աբեղյանի), Երևան, 1981թ․, Ժ, Ժբ, Ժգ, Ժդ, Ժե, Ժէ, Ժը, ԻԱ,
ժբ) Հայ ժողովրդի պատմություն, հ․ II, էջ 124։
[31] ա)Կորյուն, «Վարք Մաշտոցի», ԺԲ, ԺԳ, ԺԸ,
բ) Մ․ Խորենացի, « Հայոց պատմություն», գիրք III, գլ․ Կ,
գ) Հայ ժողովրդի պատմություն, հ. II, էջ 124:
[32] Strabo, XI, XIV, 4, XI, III, 2, XI, IV, 1 և XI, III, 4.
[33] ա) Լեո, հ․ II, գր․ 1, էջ 143, 145-148, 151, 246,
բ) Ն․ Ադոնց, «ՀՀԺ», էջ 467-468,
գ) Թ․ Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 251,
դ) «ՀՀՇՏԲ», հ․1, էջ 785,
ե) Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 73, 109-110, 118, 120։
[34] Плиный, Естественная история, VI, 39.
[35] Птолемей, География, V, XII, 1.
[36] Պլուտարքոս, Կենսագրություններ, Պոմպեոս, 34 (էջ 266)։
[37] Օտար աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին, 9, Հին հունական աղբյուրներ, Ա․ Դիոն Կասսիոս, գր․ XXXVI, 1-3 (էջ 142)։
[38] ա) Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 106,
բ) ծանոթություն․ Ա․ Շիրակացու « Աշխարհացոյց»-ը հիշյալ դեպում արտացոլում է IV դարի դրությամբ Մեծ Հայք պետության ունեցած քաղաքական սահմանները։
[39] Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․, էջ 120
[40] Նույնը, էջ 105։
[41] Նույն տեղում։
[42] Նույնը, էջ 120։
[43] Նույնը, էջ 105։
[44] Նույնը, էջ 118, 120։
[45] Նույնը, էջ 105, 118, 120։
[46] Նույնը, էջ 105, 117, 120։
[47] ա) Նույնը, էջ 115,
բ) Անանիա Շիրակացի, «Մատենագրություն» («Աշխարհացոյց»), Երևան, 1979թ․, էջ 303-304։
[48] Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 2, գր․ 1, էջ 306-311։
[49] ա) «Պատմութիւն Սեբէոսի», ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1979թ․, գլ․ Խը, 15-25 (էջ 164), գլ․ ԽԹ, 15 (էջ 169), գլ․ ԾԲ, 20-30 (էջ 175),
բ) Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 2, գր․ 1, էջ 308-326։
գ) ՀԺՊ, հ․ II, էջ 314-317։
[50] ա) ՀԺՊ, հ․ II, էջ 362,
բ) Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 2, գր․ 1, էջ 362, 366-367։
[51] ա) Lեո, հ․ 2, գր․ 1, էջ 366,
բ) ՀԺՊ, հ․ 2, էջ 362-363։
[52] Լեո, հ․ 2, գր․ 1, էջ 369։
[53] Նույնը, էջ 366-370։
[54] Իբն ալ – Ասիր (թարգմ․ Ա․ Տեր – Ղևոնդյանի), ՀՍՍՀ ԳԱ հրտչ․, Երևան, 1981թ․, էջ 66-67, 157-159։
[55] Strabo, XI, XIV, 5.
[56] Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 2, գր․ 1, էջ 364-370։
[57] Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից Աշխարհի» (թարգմանությունը, առաջաբանը և ծանոթությունները Վարագ Առաքելյանի), «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1969թ․ (Տե՛ս երկն ու հեղինակին վերաբերող նյութն ամբողջությամբ)։
[58] «Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի» (աշխարհաբարի վերածեց Գ․ Բ․ Թոսունյանը), Երևան, 1996թ․, էջ 143։
[59] ա)Նույնը, էջ 165,
բ) Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 2, գր․ 1, էջ 514։
[60] Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 181։
[61] Նույնը, էջ 303-305։
[62] Թ․ Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 249։
[63] ա) Թ․ Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 305-306, 317, 302,
բ) Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 2, գր․ 1, էջ 703-704։
[64] ա)Թ․ Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 250-251,
բ) Ս․ Տ․ Երեմյան, նշվ․ աշխ․ էջ 119։
[65] «ՀՀՇՏԲ», հ․ 1, էջ 785։
[66] ա) Հ․ Գելցեր, «Յամառոտութիւն բիւզանդական կայսրների պատմութեան» (գերմաներենից թարգմ․ Մեսրոպ վրդ․ Տէր-Մովսէսեան), Վաղարշապատ, 1901թ․, էջ 304,
բ) Հ․ Մանանդյան, Երկեր, հ․ Գ, Երևան, 1977թ․, էջ 68,
գ) Տ․ Սահակյան, «Հայող ցեղասպանության մեղսակիրները», Երևան, 2015թ․, էջ 44։
[67] “История Грузии”, т. 1, Тбилиси, с. 152.
[68] ա) Նույնը, էջ 160-166, 203,
բ) Վարդան Արևելցի, «Տիեզերական պատմություն», Երևան, 2001թ․ (թարգմ․ Գ․ Բ․ Թոսունյանի), էջ 164-165,
գ)Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն» (թարգ․ Հ․ Բարթիկյան), Երևան, 1973թ․, էջ 233, 239, 241,
դ) «Սամուէլի քահանայի Անեցւոյ հաւաքմունք ի գրոց պատմագրաց», հրատ․ Արշակ Տէր – Միքաելեանի, Վաղարշապատ, 1893թ․, էջ 125-126,
ե) պրոֆ․ Լ․ Մելիքսեթ-բեկ, «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», հ․ Բ․, Երևան,1936թ․, էջ 13-16, 34-35։
[69] ա) պրոֆ․ Լ․ Մելիքսեթ-բեկ, նշվ․ աշխ․, հ․ բ, էջ 13-16, 34-35,
բ) “История Грузии”, т. 1, Тбилиси, с. 203:
[70] ա) Ստեփանոս Օրբելյան, « Սյունիքի պատմություն», Երևան, 1986թ․, էջ 316,
բ) պրոֆ․ Լ․ Մելիքսեթ-բեկ, «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», հ․ Բ․, Երևան,1936թ․, էջ 34-36։
[71] ա) “История Грузии”, т. 1, Тбилиси, с. 207,
բ) պրոֆ․ Լ․ Մելիքսեթ-բեկ, «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», հ․ Բ․, Երևան,1936թ․, էջ 36,
գ) Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն», Երևան, 1982թ․, էջ 122-123։
[72] «ՀՀՇՏԲ», հ․ 1, էջ 785։
[73] ա) «ՀՀՇՏԲ», հ․ 1, էջ 785,
բ) Գրիգոր Ակներցի (Մաղաքիա Աբեղա), «Պատմութիւն վասն ազգին նետողաց», Երուսաղեմ, 1974թ․, էջ 10-11,
գ)”Очерки истории СССР”, т. III (IX-ХIII вв.), Москва, 1953г. с. 687, примеч. 1.
դ) “История Грузии”, т. 1, с. 229,
ե) “ՀԺՊ”, հ․ III, էջ 615։
[74] ա) Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 3, գիրք 1, էջ 48-ի 12 ծնթ․ վերջին պարբերությունը (էջ 480)։
բ) Րաֆֆի, “Խամսայի մելիքությունները” (1600-1827), h. 10, էջ 169-395, Եր․, 1959թ․
[75] ա)Նույնը, էջ 56,
բ) Adam Olearius, “Les Voyages en Mascovie, Tartarie et Perse”, Amsterdam, 1727, t. I, p. 522.
գ) Թ․ Խ․ Հակոբյան, «Երևանի պատմությունը 1500-1800», Երևան, 1971թ․, էջ 68։
[76] Լեո, հ․ 2, գիրք 1, էջ 480 (ծնթ․ 12-ի վերջին պարբերությունը)։
[77] ա) Լեո, Երկերի ժողովածու․, հ․ 4, Երևան, 1984թ․, էջ 184-194,
բ) “Акты собранные Кавказскою Археографическую комиссиею”, Тифлис, т.II, 1866г., No. 1168.
[78] ա) Լեո, Երկերի ժողովածու, հ․ 4, էջ 184,
բ) “Акты собранные Кавказскою Археографическую комиссиею”, Тифлис, т.II, 1866г., No. 1172․
գ) Дубровин Н.Ф., “Три года из истории войны и владычества русских на Кавказе (1806, 1807, 1808 гг.), СПБ, 1868г., т. IV, с․ 127․
[79] ա) ՀԺՊ, հ․5, Եր․, 1974թ․, էջ 15,
բ)Г. Г. Саркисян, ” Население Восточной Армении в XIX- начале ХХ в.”, Ер., 2002г., с. 8-9,43-44.
գ) Րաֆֆի, նշվ․ աշխ․, էջ 338-339։
[80] ա) Թ․ Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 394,
բ) С. Эсадзе,” Историческая записка об управлении Кавказом”, т. I, Тифлис, с. 65․
[81] Վ․ Ե․ Խոջաբեկյան, «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XXդդ․ և XXIդ․ շեմին», Երևան, 2002թ․, էջ 25։
[82] Թ․ Խ․ Հակոբյան, «ՈՒՀՊԱ», էջ 396։
[83] «ՀՀՇՏԲ», հ․ 2,էջ 173-174։
[84] Նույնը տեղում։
[85] Նույնը, էջ 265:
[86] Վ․ Ե․ Խոջաբեկյան, էջ 117։
[87] Նույնը, էջ 123։
[88] Սիմոն Վրացյան, նշվ․ աշխ․, էջ 74-75։
[89] Նույնը, էջ 158-159։
[90] Նույնը, էջ 159-161։
[91] ա) Նույնը, էջ 501-502,
բ) Լենդրուշ Խուրշուդյան, «Հայաստանի բաժանումը 1920թ․», Երևան, 2002թ․, էջ 304-305։
[92] “Коммунист” (газета), Ереван, No2,7. XII, 1920.
[93] “Правда”, No 273, XII, 1920.
[94] Г. К. Орджоникидзе, “”Статьи и Речи”, т. 1, Москва, 1956г., с. 142․
[95] ЦГАОРСС,Арм. ССР, ф. 40/113, оп. 3, д. 2, л. 13․
[96] Ռ․ Գ․ հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն», հ․1, Երևան, 2005թ․, էջ 33։