
News
Ալվարդ – 02/26/26

Այս շաբթուան նամակը գրած է Ալվարդը, որ կը հովանաւորուի Գոլէթ Կիւլեանի կողմէ։
Բարեւ, սիրելի բարերար,
Ես Ալվարդ … եմ։ Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ սովորում եմ Գորիսի պետական քոլէջի «Քոյրական գործ» բաժնում, որը իմ երազանքն էր։ Միշտ զգացել եմ թէ որքան կարեւոր է, որ մարդն ունենայ կողքին մէկին, ով կ՚օգնի ոչ միայն դեղով, այլ ջերմ խօսքերով, հոգատարութեամբ ու սիրով։
Հայրս վաղուց մահացել է, ու մեր տան հոգսերը մնացել են մայրիկիս ու տատիկիս վրայ։ Տեսնելով նրանց պայքարը՝ ես աւելին եմ հասկացել, թէ ինչ է ուժը, դիմացկունութիւնն ու հաւատը։ Այդ ամէնը ինձ սովորեցրել է, որ կեանքը հեշտ չէ, բայց հնարաւոր է քայլ առ քայլ հասնել երազանքին։ Հօրս կորցրել եմ փոքր հասակում, դեռ մէկ տարեան էի, չէի հասցրել զգալ ու վայելել սէրն ու ջերմութիւնը, եւ այդ ժամանակից տեսել եմ՝ ինչպէս են մայրիկս ու տատիկա լուռ պայքարել կեանքի ծանր հարուածի դէմ, երբեմն կոտրուել, բայց երբեք չեն յանձնուել, ամէն ինչ արել են, որ ես ոչնչի կարիք չունենամ։ Ինձ համար բուժքոյր լինելը միայն մասնագիտութիւն չէ։ Դա իմ հոգու ընտրութիւնն է՝ լինել մարդու կողքին երբ միայնակ է կամ յոյսը կորցրել է։ Ես ուզում եմ լինել այն մարդը, ով կը բերի հանդարտութիւն, վստահութիւն եւ հաւատ, մի փոքր ժպիտ՝ դժուար պահին։ Ես սկսել եմ իմ կեանքի նոր փուլը, փուլ, որտեղ կան բազում դժուարութիւններ։ Մեծանալով մայրիկիս ու տատիկիս նման ուժեղ մարդկանց հետ, չեմ վախենում այդ դժուարութիւններից։
Ձեր աջակցութիւնը շատ կարեւոր է ընտանիքիս համար։ Դուք թեթեւացնում էք ընտանիքիս հոգսերը։ Աստուած օրհնի Ձեզ ու Ձեր ընտանիքին։
Շնորհակալ եմ, որ մեր կողքին էք։
Սիրով՝
Ալվարդ