Նամակ Հայաստանէն

Լիա – 04/16/26

Այս շաբթուան նամակը գրած է Լիան, որ կը հովանաւորուի տիկ. Լիլա Խաչատուրեան-Ճարանտէի կողմէ։

 

Բարեւ, սիրելի բարերար,

Ես Լիան եմ, այս տարի դարձայ 8 տարեկան։ Սովորում եմ Վայք քաղաքի հիմնական դպրոցում, 3-րդ դասարանում։

Անհամբեր սպասում էի, որ կրկին Ձեզ գրեմ եւ պատմեմ իմ ձեռքբերումների մասին։ Յաճախում եմ անգլերէնի, ռուսերէնի, պարի խմբակների։ Դպրոցում սովորում եմ լաւ։ Ուսուցչուհիս ինձ ասում է, որ ես պատմելու բնատուր տաղանդ ունեմ։ Ես շատ եմ սիրում մայրենի լեզու եւ երաժշտութիւն առարկաները սովորել։ Այս տարի երկու անգամ մրցանակների եմ արժանացել՝ պարից։ Դա ինձ ստիպում է, որ ես աւելի շատ աշխատեմ։

Մենք ընտանիքով յաճախ ենք գնում Եռաբլուր՝ հայրիկիս եւ հօրեղբօրս շիրիմներին, ու ես պատմում եմ նրանց յաջողութիւններիս եւ դժուարութիւններիս մասին։ Անչափ շատ եմ կարօտում հայրիկիս եւ սպասում մեր հանդիպմանը։ Ամէն բան անելու եմ, որ հայրս երկնքում ինձնով ուրախանայ։

Ես ունեմ բնաւորութեան շատ լաւ գծեր, իսկ իմ վատ գծերը շատ քիչ են։ Միշտ օգնում եմ մայրիկիս տնային գործերում, որ նա շատ չյուսահատուի։ Ես շատ կենդանասէր մարդ եմ, շատ եմ սիրում շուն եւ երազում եմ ունենալ փոքրիկ շնիկ։ Ամէն բան անում եմ, որ մայրիկս շատ ուրախանայ եւ հիանայ ինձնով։ Ես զգում եմ, որ դարձել եմ աւելի պատասխանատու եւ համարձակ։

Շնորհակալութիւն ձեր աջակցութեան համար։ Անչափ շատ եմ ուզում Ձեր հետ ծանօթանամ։